ԱԺ ոչ իշխանական քաղաքական ուժերը «մասնավորաբար» ցանկանում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, եւ դա հրապակայնորեն ասելու ժամանակը մոտենում է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազատության հրապարարակում «Ժառանգություն» կուսակցության հրավիրած քաղաքացիական ժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մասնավորաբար ուզում են, ժամը մոտենում է, որ հրապարակավ ասեն այն, ինչ մասնավոր ասում են»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Լրագրողի հարցին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նույնպե՞ս ցանկանում է դա, «Ժառանգության» առաջնորդը պատասխանեց՝ ամեն մեկը:
Հարցին՝ արդյոք ինքը եռյակի օրակարգն ամբողջականացված կհամարի, եթե Գագիկ Ծառուկյանը պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Երբ բոլոր քաղաքական ուժերը, այդ թվումԳագիկ Ծառուկյանն ու իր կուսակցությունը, կանգնեն ժողովրդի կողքին եւ ասեն՝ ազատ արդար սահմանադրական Հայաստան եւ ամբողջական իշխանափոխություն, արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, այդ ժամանակ մենք նոր վիճակի մեջ կլինենք»:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ մեծ արժեք է արդեն այն, որ միացյալ հրապարակ ստեղծելու՝ իր կուսակցության առաջարկն իրականություն դարձավ, դա պետք է պահպանել, բայց եւ ավելի ամբողջական դարձնել:
«Կան տարբեր մոտեցումներ մեր գործընկերների պահով, թե արտաքին, թե ներքին քաղաքականության հարցում: Ամեն մեկս պիտի հասկանա, որ դիմացինը մի քիչ տարբեր է, եթե միասին կանգնենք, դա կլինի նոր Հայաստանի սկիզբը: Յուրաքանչյուրը պետք է դուրս գա իր եսից, ամբիցիայից, կանգնի ժողովրդի դիմաց եւ ասի՝սա է լուծումը»,-ասաց նա:











