Երեւանի միջազգային կանանց միավորումը այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպել է Սուրբ Ծննդյան միջազգային ամենամյա տոնավաճառը:
«Այս տարի տոնավաճառի հասույթը կտրամադրվի Գորիսի կանանց ռեսուրսների հիմնադրամին: Գորիսի Շինուհայր համայնքի կանանց համար ձեռք կբերվի 20 ճախարակ: Կանանցից 20-ը կուսուցանվեն եւ կկարողանան տեղի բրդից ստանալ թել եւ ձեռագործ կարպետներ գործել»,- NEWS.am-ին ասաց տոնավաճառի կազմակերպիչ Հրաչուհի Բարսեղյանը:
Տոնավաճառի մասնակից Եվգենիա Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն հասցրել է մեծ քանակով իր ձեռքի աշխատանքներից վաճառել:
«Տոնավաճառին երկրորդ տարին է, որ մասնակցում եմ, տարբեր գույներով բաժակների եւ լամպերի վրա պինգվիններ եմ նկարում»,- ասաց տոնավաճառի մասնակիցը՝ նկատելով, որ այս տարի նախորդ տարվա համեմատ մարդկանց հոսքը բավականին մեծ է:
Նշենք, որ Սուրբ Ծննդյան միջազգային ամենամյա տոնավաճառը արդեն երրորդ տարին է կազմակերպվում Հայաստանում: Այս տարվա ցուցահանդեսի կազմակերպմանն իրենց աջակցությունն են ցուցաբերել Հայաստանում Արգենտինայի, Բրազիլիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի եւ Թուրքմենստանի դեսպանությունները:
Տոնավաճառում այս տարի ներկայացված են ինչպես ձեռագործ աշխատանքներ, այնպես էլ քաղցրավենիք եւ անուշեղեն, մասնակիցների թիվը 60 է:











