Հայաստանում վերջին տարիներին ավելացել է պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թիվը։ Այս խնդրի վրա մարդկանց ուշադրությունը սեւեռելու համար այսօր՝ դեկտեմբերի 6-ին, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան միջոցառում էր կազմակերպել Հյուսիսային պողոտայում: Պողոտայի սկզբնամասում նրանք դրել էին բազմաթիվ  մանկական գունավոր կոշիկներ, որպեսզի ցույց տան, թե ինչից են հրաժարվում ծնողները՝ հղիության արհեստական ընդհատում անելով:

Կոալիցիայի անդամ Անուշ Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանում հղիության ընդհատում են կատարում, նախընտրում են տղա երեխա, քանի որ տղաներին են համարում իրենց ընտանիքի շարունակողը:

«Վերջին վիճակագրությունը ցույց  է տալիս, որ այսօր այդ խնդիրն ավելի լուրջ է, թվային տարբերությունը տղա եւ աղջիկ ծնունդների այնքան մեծ է, որ մենք խնդիր ենք ունենալու սեռային համամասունության հետ կապված: Աշխատանքի բերումով խոցելի շերտերի հետ ավելի հաճախ ենք առնչվում, Հայաստանում կոնկրետ ցեղի, ընտանիքի շարունակման այդ ընկալումն է, եւ այլ պատճառներ էլ կան։ Կա օբյեկտիվ  պատճառ, որ մեկ երեխայից ավելի չեն ուզում ունենալ: Այսինքն՝ այստեղ սոցիալական խնդիրը կարող է պատճառ լինել, քանի որ ասում են՝ եթե երեխա ունենայինք, տղա էլ կունենայինք, աղջիկ էլ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անուշ Խաչատրյանը:

Անուշ Խաչատրյանը կարծում է, որ նմանատիպ ակցիաները կարող են ազդել մարդկանց մտածելակերպի վրա, ինչն էլ կնվազեցի սելեկտիվ աբորտները. «Մարդկանց արձագանքները դրական են, շատերը զարմանում են, որ մենք այդ խնդիրն ունենք: Իսկ ոմանք ասում են՝այո, այդ խնդիրն ունենք, արդեն դպրոցներում  տեսնում ենք, որ փոքր տարիքի տղաներն ավելի շատ են, քան աղջիկները: Բոլորն էլ բացասաբար են վերաբերվում»:

Մանկական կոշիկներից բացի գետնին դրված էին «Ես չծնվեցի, քանի որ ամուսինս հորս ու մորս արժանավայել չէր թաղի,  քանի որ չէի կարող պաշտպանել հայրենիքս, չէի կարող երջանկացնել ծնողներիս» գրությամբ պաստառներ: