«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները պատրաստ են նստացույց եւ նույնիսկ հացադուլ անել, մինչեւ չկատարվեն իրենց պահանջները։ Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, առավոտից գործարանի բակում հավաքված մի քանի հարյուր նաիրիտցիները որոշեցին երթով գնալ կառավարություն։ (ֆոտոռեպորտաժ)
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ որքան էլ արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը փորձում էր համոզել նաիրիտցիներին երկու օր սպասել, մինչեւ ՄԻՊ-ին ուղղված նամակը պատրաստ կլինի, գործարանի աշխատակիցները վճռական են տրամադրված եւ որոշեցին ժամանակ չկորցնել։
Այս պահին նրանք քայլում են դեպի կառավարություն, որտեղ պահանջելու են իրենց 18 ամսվա չվճարված աշխատավարձերը։ Երթն ուղեկցում են մոտ մեկ տասնյակ ոստիկաններ։











