«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, 45 մլն դրամ հատկացրեց սոցիալական ծանր պայմաններում ապրող գյումրեցիներին։ Գումարը Ծառուկյանը հանձնեց քաղաքապետ Սամվել Բալասանյանին։
«Տեսնելով սոցիալ-տնտեսական իրավիճակը, գազի եւ հոսանքի թանկացումը, ժողովրդի վիճակը, ես՝ որպես մարդ, թող չլինի արհեստական, այլ իրական, ցանկանում եմ, իմ ունեցած հնարավորության սահմանում օգնել մարդկանց, օգտակար լինել, որ գիշերը հանգիստ քնեն։ Ով որտեղ աշխատում է, պետք է ինքն իրեն հաշվետու լինի։ Ես կխնդրեմ պարոն Բալասանյանին, ես 45 մլն դրամ գումար կհատկացնեմ՝ բաժանելով Գյումրիի այն ծանր պայմաններում ապրող բնակիչներին, որ կարողանան հոգսը թեթեւացնել։ Ես էլ ինձ որպես մարդ լավ զգամ իմ հոգու առաջ։ Մարդիկ չպետք է փառաբանեն, որ ունեն, անում են, չունեն, չեն անում, ամեն մեկը պետք է մասնակից լինի, օգնի իր ժողովրդի համար։ Մենք պետք է միասնական լինենք, օգնենք միմյանց եւ հաշվետու լինենք»,- Գյումրիի Մանկավարժական ինստիտուտ այցելության ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդը։
Բացի դրանից Ծառուկյանը ֆինանսական օգնություն կտրամադրի ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանին, որպեսզի վերջինը փոխանցի նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին։ Հիշեցնենք, որ երթուղային «Գազելը», որը հրդեհվել էր բեռնատարի հետ բախումի հետեւանքով, պատկանում է Մարտուն Գրիգորյանին։
«Ճիշտ է, դա վիշտը չի վերացնի, հիմա ստացվել ա, ոչ մեկը չէր ուզում այդ ավտովթարը, հիմա սա անում ենք, որ մի քիչ մխիթարվենք, մենք բոլորի կողքին ենք, կապ չունի՝ ով որ կուսակցությունից ա, ինչ ազգանուն ա կրում, մենք պետք ա էդ ամենը մոռանանք, պետք է կարողանանք միասնական մեկը մեկին հարգեն, լինեն հայ»,- ասաց Ծառուկյանը։
Ինստիտուտից ԲՀԿ առաջնորդը գնաց Գյումրիում բացված համաժողովրդական շարժման շտաբ, որտեղ հանդիպեց գյումրեցիների հետ, լսեց նրանց խնդիրները եւ խոստացավ օգնել։











