«Նաիրիտ» գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ, որոնք այսօր՝ դեկտեմբերի 8-ին, հավաքվել են կառավարության մոտ, հրաժարվեցին հինգ հոգանոց խմբով վարչապետի հետ հանդիպելու առաջարկից։ Նրանք պահանջում են, որ վարչապետն իջնի շենքի մոտ՝ հանդիպելու իրենց եւ պատասխանելո, թե նաիրիտցիները երբ կստանան աշխատավարձերը։ (ֆոտոռեպորտաժ)
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հավաքվածներին պարբերաբար մոտենում է Կառավարության՝ Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, որը նրանց համոզում է 5 հոգանոց խմբով հանդիպել վարչապետին, սակայն ապարդյուն։
Նաիրիտցիները Ղազարյանին ամեն անգամ սուլոցներով են դիմավորում, վանկարկում են «վարչապետ, վարչապետ»։
«Գնա, քեզ չենք ուզում տեսնել, մենք միայն վարչապետին ենք ուզում տեսնել, թող դուրս գա եւ պատասխանի մեր հարցերին»,-Ղազարյանին են դիմում նաիրիտցիները։
Նշենք, որ Կառավարության շենքի մոտ է նաեւ «Նաիրիտի» տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը, որը նաիրիտցիներին համոզում է այսօր հեռանալ Կառավարության մոտից եւ վաղը խորհրդի նիստ հրավիրել՝ խնդիրն իր հետ քննարկելու համար։
Նաիրիտցիները պատրաստվում են Կառավարության շենքի մոտ մնալ այնքան ժամանակ, մինչեւ վարչապետը չհանդիպի իրենց բոլորի հետ։
Նշենք, որ գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներն այսօր վաղ առավոտյան հավաքվել էին գործարանի բակում։ Որքան էլ արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը փորձում էր համոզել նաիրիտցիներին երկու օր սպասել, մինչեւ ՄԻՊ-ին ուղղված նամակը պատրաստ կլինի, նրանք ոտքով շարժվեցին դեպի կառավարության շենք։











