Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, առավոտյան ծեծի ենթարկածները 4 հոգով են եղել՝ ազատամարտիկի տպավորությամբ զինվորական համազգեստով։
«Բավականին պինդ տղերք էին, մի պահ ինձ թվաց, որ ինձ ձերբակալում են, դրա համար պաշտպանվելու համար ոչ մի բան չձեռնարկեցի։ Առաջինը հարվածեց աչքիս, տեսան, որ չեմ ընկնում, մյուսը թռավ վերեւից խփեց, գցեցին եւ սկսեցին խփել գոտկատեղից ներքեւ»,- NEWS.am-ին պատմեց ազատամարտիկը, որը վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց։
Ազատամարտիկի խոսքով, իրեն ծեծողները տվել են Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) անունը, ինչը սակայն Սուրեն Սարգսյանը դիտարկում է որպես շեղող հանգամանք։
«Ասեցին՝ արա դու Թոխմախի Մհերին ճանաչո՞ւմ ես, որ իրան բան ես ասում։ Բնական է՝ սա շեղող տրյուկ ա, Թոխմախի Մհերը հիմար չի, որ նման բան անի։ Անող մարդը չի ասի՝ իմ անունը տվեք»,- ասաց ազատամարտիկը։
Սուրեն Սարգսյանը Ոստիկանությանը բողոք չի ներկայացրել եւ իրեն ծեծողների դեմքերը չի հիշում, քանի որ դեմքերը փակ են եղել։ Ազատամարտիկը նաեւ հրաժարվել է դատաբժշկական փորձաքննությունից։
Ազատամարտիկը հրաժարվեց խոսել այն մասին, թե ում է կասկածում՝ նշելով, որ միեւնույն է, հույս չունի, որ Հայաստանում մեղավորը կպատժվի, իսկ մեղավորներին ազատամարտիկներն իրենք իրենց ուժերով կգտնեն ու կպատժեն։
Այնուամենայնիվ, Սուրեն Սարգսյանը վստահ է, որ կատարվածը, ինչպես նաեւ մի քանի օր առաջ ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանին եւ Մանվել Եղիազարյանին ծեծի ենթարկելը գործող իշխանությունների ձեռքի գործն է, որի նպատակն է վախեցնել ազատամարտիկներին եւ թույլ չտալ նրանց համախմբումը։











