Երեւանի Կոմիտասի անվան այգում նույնասեռականի ծեծելու համար 6 տարվա ազատազրկման դատապարտված՝ Երեւանի բնակիչ Մարտին Վարդանյանի մայրը որդու համար ազատություն է պահանջում: 28-ամյա Մարտինի մայրը՝ Գայանե Նասոյանը, որն այսօր՝ դեկտեմբերի 11-ին Կառավարության շենքի մոտ էր, NEWS.am-ին բողոքեց, որ որդու նկատմամբ անհամաչափ պատիժ են սահմանել:
«Իմ տղան գնում էր կոմայգու մոտ վազելու: Մի օր արվամոլներից մեկն ասում է՝ գիտես, էս մեր տարածքն է, ստեղ վազելու իրավունք չունեք: Եւ լեզվակռիվ է սկսվում, դա էլ վերածվում է ծեծկռտուքի: Բան չունեմ ասելու, թող իմ տղային դատապարտեն ծեծելու համար: Իրեն դատել են ավազակային հարձակման համար»,-բողոքեց Գայանե Նասոյանը:
Տիկին Գայանեի խոսքով՝ բացառվում է, որ իր որդին ինչ-որ մեկից գողություն աներ:
«Իմ տղան 6 տարի աշխատել է վարսավիրանոցում, ամեն ինչ եղել ա էդ վարսավիրանոցում, ինքը ոչ մի անգամ էնտեղից գողություն չի արել: Ո՞նց եղավ, որ գնաց դրա նկատմամբ ավազակային հարձակում արեց: Ես չգիտեմ՝ կարող ա ղեկավարությունն էլ ա օգտվում գոմիկների ծառայությունից, եթե չօգտվեին, նմաններին կպատժեին»,-ասաց նա:
Գայանե Նասոյանը միայնակ մայր է, կրտսեր որդին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում է սովորում, դուրստրը քաղցկեղով է տառապում: Նասոյանները սոցիալական վատ վիճակում են ապրում, ընտանիքի մայրն իրենց օգնություն տրամադրելու խնդրանքով այսօր դիմել է պաշտպանության նախարարին:











