30-ամյա Նաիրա Բաղդասարյանը, որը դեկտեմբերի 11-ին երրորդ զույգ որդիներին է լույս աշխարհ բերել, իրեն լավ է զգում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են բավարար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ծննդօգնության գծով «Էրեբունի» ԲԿ փոխտնօրեն, կնոջը կեսարյան հատում արած բժիշկ Անդրանիկ Պողոսյանը:
«Հետվիրահատական վիճակը բավարար է, վիրահատությունն էլ հարթ է ընթացել: Այսօր առավոտյան քայլել է, խնդիրներ չենք ունենա: Երեխաններն էլ լավ քաշ ունեն, մեկը՝ 2կգ 800 գրամ, մյուսը՝ 2կգ 600 գրամ: Նրանց վիճակն էլ է բավարար»,- ասաց բժիշկ Պողոսյանը:
Բժիշկ Պողոսյանն այս դեպքը երջանիկ զուգադիպություն է համարում, նա իր 35 տարվա աշխատանքի ընթացքում նման դեպք չի հանդիպել:
Բժիշկը պատմեց, որ երբ ծնողների հետ խոսել է հետագայում հղիությունից պաշտպանվելու մասին եւ առաջարկել փողերի ստերիլիզացիա, նրանք հրաժարվել են. «Վեց երեխայից հետո բժիշկը պարտավոր է խոսել ստերիլիզացիայի մասին: Նրանք հրաժարվեցին, ես դա ողջունեցի: Բոլոր կեսարյան հատումները շատ լավ են արված, մի անգամ էլ կարելի է: Ես նրանց խոստացա, որ եթե ցանական, մի անգամ էլ կարելի է»։
Երեխաների մայրը՝ 30-ամյա Նաիրա Բաղդասարյանը, ասում է, որ իր համար հպարտություն է վեց ապագա զինվորների մայր լինելը:
«Վեց եղբայր, ավելի հզոր է այդպես հնչում: Մենք իրենց հայրենասեր ոգով ենք դաստիարակում, որպեսզի լավ զինվոր մեծանան: Այդ պատասխանատվությունը շատ մեծ է մեզ մոտ: Եվ ամուսնուս, եւ իմ կողմում եղել են զույգեր, բայց ոչ երեք զույգ երեխա: Հղիությունն էլ նորմալ է անցել»,- լրագրողների հետ զրույցում ասաց բազմազավակ մայրը:
6 տղաների հայրը՝ 39 -ամյա Դավիթ Սահակյանը, նոր լույս աշխարհ եկած որդիների անունները հրապարակել չցանկացավ:
Նրանց առաջին զույգ որդիները՝ Արծրունը եւ Սահակը ծնվել են 2007թ, իսկ Նորայրը եւ Սարգիսը լույս աշխարհ են եկել 2010թ:
Զույգը, որն 8,5 տարի է, ինչ ամուսնացած է, բնակվում է Տավուշի մարզի Իջեւան համայնքում, բարեկամի տանը, նրանք բնակարանի հետ կապված խնդիր ունեն: Երեխաների համար մանկասայլակ նվեր բերած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներին Դավիթը խնդրեց օգնել իրենց այդ հարցում:
«Էրեբունի» ԲԿ սեփականատեր, ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի կողմից երեխաները ստացան դրամական պարգեւ եւ նվերներ:











