ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հեռվում կանգնած հետեւում էր «Ազատամարտիկների դաշինքի» կազմակերպած համաժողովին:
Գեներալ-լեյտենանտը խուսափողական պատասխան տվեց NEWS.am-ի հարցին, թե ինչու են վերջին շրջանում ծեծի ենթարկում ազատամարտիկներին՝ մասնավորապես Ռազմիկ Պետրոսյանին, Մանվել Եղիազարյանին եւ Սուրեն Սարգսյանին:
«Ո՞վ է ասում, որ ազատամարտիկներին ծեծի են ենթարկում, հենա չլսեցիք, ասում են, որ իրենց չեն ծեծել, իրենք էլ կարծեմ հայտարարեցին, որ չեն ծեծել: Բայց Սուրեն Սարգսյանը ազատամարտի՞կ ա, Շուշիում ինչ-որ բան է արել... էդ իրանցից հարցրեք»,- ասաց գեներալը:
Նշենք, որ Եռաբլուրում էր նաեւ ՀՀ Պն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Երանոսյանի հետ խնջույքից հետո ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը, երկու օր անց անհայտ անձիք ծեծի էին ենթարկել ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին:











