Ազատամարտիկների եւ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանի վրա հարձակվողներին բացահայտել եւ պատժել  պահանջող մի քանի տասնյակ  քաղաքացիներ այսօր՝ դեկտեմբերի 15-ին, երթով շարժվեցին ՀՀ ոստիկանության շենք, որտեղ կարտահայտեն իրենց բողոքը։ (ֆոոտռեպորտաժ)

«Այս կերպ մարդկանց փորձում են ահաբեկել։ Եթե հնարավոր է հարձակվել Արամ Մանուկյանի վրա, ով պետության հիմքերում է կանգնած, ինչի՞ հնարավոր չէ հարձակվել սովորական քաղաքացիների վրա»,- լրագրողներին ասաց ակցիայի կազմակերպիչ, արվեստագետ Արա Պետրոսյանը։

Արա Պետրոսյանի խոսքով՝ պետք է ոչ թե ստորագրությամբ ազատ արձակեին Արամ Մանուկյանին ծեծի ենթարկողին, այլ նրան «գաղութ ուղարկեին»։

Ըստ նրա՝ իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի  բացահայտելու հանցագործության «պատվերը տվողին»։

Նշենք, որ ակցիային մասնակցում են քաղաքացիական ակտիվիստներ, «Նախախորհրդարանի» անդամներ։ Երթն ուղեկցում են մոտ մի տասնյակ ոստիկաններ։ ՀՀ ոստիկանության շենքի մոտից նրանք երթով կշարժվեն Բաղրամյան 26՝  նախագահի նստավայր։

Հիշեցնենք, որ վերջին օրերին ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը, Սուրեն Սարգսյանը: Դեկտեմբերի 11-ի երեկոյան, իրենց շենքի մուտքի մոտ անհայտ անձը հարձակվել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա եւ հարվածել նրան: Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու գործով կասկածանքով դեկտեմբերի 14-ին բերման էր ենթարկվել 41-ամյա Արշակ Սվազյանը, որը ստորագրությամբ ազատ է արձակվել: