Ազատամարտիկների եւ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանի վրա հարձակվողներին, ինչպես նաեւ «Նախախորհրդարանի» անդամների մեքենաների հրկիզումը բացահայտել եւ պատժել  պահանջող բողոքի ակցիայի մասնակիցներին ոստիկանները թույլ չեն տալիս մոտենալ ՀՀ ոստիկանության շենքին: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այսօր՝ դեկտեմբերի 15-ին, բողոքի երթով ոստիկանության շենք հասած քաղաքացիներին դիմավորել են մի քանի տասնյակ ոստիկաններ, որոնք պատ են կազմել ոստիկանության շենքի դիմացի մայթի երկայնքով եւ ակցիայի մասնակիցներին թույլ չեն տալիս անցնել փողոցը: (ֆոտոռեպորտաժ)

Ակցիայի մասնակիցներին մոտեցավ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Հասարակական կարգի ապահովման բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արամ Սարգսյանը, որը ոստիկանության գործողությունները պատճառաբանեց նրանով, որ  ակցիայի մասնակիցները կարող են փակել շենքի մուտքը:

Ցուցարարներին ոստիկանի պատասխանը չբավարարեց. նրանք սկսեցին վանկարկեցին «Ամոթ», «Ոչ տեռորին», «Երանոսյան՝ խրտվիլակ»:

Ցուցարարները շարունակում են կանգնած մնալ դիմացի մայթին: Մի քանի ապարդյուն փորձերից հետո այլեւս չեն փորձում ճեղքել ոստիկանական պատը: Նրանք փորձում են համոզել ոստիկաններին, որ այնպես կկանգնեն, որ մուտքը չփակվի։

Քիչ առաջ ցուցարարների ահազանգով ոստիկանության շենքի մոտ եկան նաեւ ՄԻՊ արագ արձագանքման վարչության աշխատակիցները։

Հիշեցնենք, որ վերջին օրերին ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը, Սուրեն Սարգսյանը: Դեկտեմբերի 11-ի երեկոյան, իրենց շենքի մուտքի մոտ անհայտ անձը հարձակվել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա եւ հարվածել նրան: Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու գործով կասկածանքով դեկտեմբերի 14-ին բերման էր ենթարկվել 41-ամյա Արշակ Սվազյանը, որը ստորագրությամբ ազատ է արձակվել: