ՄԻՊ աշխատակիցներին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, չհաջողվեց համոզել ոստիկանությանը, որ վերջին օրերի հարձակումները բացահայտելու պահանջով երթի մասնակիցները  Ոստիկանության շենքի մայթին անցկացնեն բողոքի ակցիան: Ցուցարարներն ակցիան ավարտեցին շենքի դիմացի մայթում, նախատեսվածի պես երթով չգնացին Բաղրամյան 26: (ֆոտոռեպորտաժ)

«Բաղրամյան 26 որոշեցինք չգնալ այն պատճառով, որ էս նույն վիճակը պետք է լիներ այնտեղ. 100 մետրից չէին թողնելու մոտենալ շենքին: Մի քիչ էլ եղանակային պայմաները դեր խաղացին: Մենք կգնանք քաղաքացիական ժողով կանցկացնենք ու կորոշենք մեր հետագա անելիքները»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի կազմակերպիչ Արա Պետրոսյանը:

ՄԻՊ արագ արձագանքման բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը ակցիայի կազմակերպիչներին առաջարկեց մարդու իրավունքների պաշտպանի անունով դիմում գրել, որպեսզի իրենք հնարավորություն ունենան պաշտոնական գրություն ուղարկել ոստիկանություն ու պարզաբանում ստանալ նրանց այսօրվա գործողությունների վերաբերյալ:

«Ոստիկանները պարզաբանեցին, որ թույլ չեն տալիս անցնել մայթը, որ շենքի մուտքը չխոչընդոտվի: Հավաքների ազատության մասին օրենքն ասում է, որ ոստիկանությունը պարտավոր է ապահովել շենքի մուտքը, բայց որոշակի հեռավորություն չկա նշված: Նա ասաց, որ հարմար չի գտնում, որ հավաքի մասնակիցները անցնեն փողոցը: Այստեղ հեռավորությունը հասկանալու խնդիր կա»,-ակցիայի մասնակիցներին ասաց Ռաֆայել Պողոսյանը, որը մինչեւ այդ զրուցել էր Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Հասարակական կարգի ապահովման բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արամ Սարգսյանի հետ:

Նշենք, որ Արամ Սարգսյանի հետ զրույցից հետո ՄԻՊ աշխատակիցները սպասում էին ոստիկանության մեկ այլ ներկայացուցչի՝ խնդիրը քննարկելու եւ լուծում գտնելու համար, սակայն այդպես էլ ոչ ոք չիջավ Ոստիկանության շենքից;

«Այնպիսի տպավորություն էր, որ որոշել են մեզ տենց եղանակի վրա թողնել, որ մարդիկ էնքան քչանան, վերջում մի 5-6 հոգու թողնեն մոտենան շենքին, բայց մարդիկ այստեղ պարզապես հյուծվում էին»,- NEWS.am-ին ասաց ակցիայի կազմակերպիչ Արա Պետրոսյանը՝ նշելով, որ թեեւ իրենց թույլ չտվեցին մոտենալ Ոստիկանության շենքին, բայց իրենց ակցիան կայացավ, իրենք կարողացան ցույց տալ, որ երկրում կան մարդիկ, որոնք բողոքում են «ահաբեկչությունների» դեմ:

Հիշեցնենք, որ Ազատամարտիկների եւ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանի վրա հարձակվողներին, ինչպես նաեւ «Նախախորհրդարանի» անդամների մեքենաների հրկիզումը բացահայտել եւ պատժել  պահանջող բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվել էին Աբովյան փողոցից: Ոստիկանները ՀՀ ոստիկանության շենքի դիմացի մայթում  պատ էին կազմել եւ ցուցարարներին թույլ չէին տվել մոտենալ շենքին:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը, Սուրեն Սարգսյանը: Դեկտեմբերի 11-ի երեկոյան, իրենց շենքի մուտքի մոտ անհայտ անձը հարձակվել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա եւ հարվածել նրան: Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու կասկածանքով դեկտեմբերի 14-ին բերման էր ենթարկվել 41-ամյա Արշակ Սվազյանը, որը ստորագրությամբ ազատ է արձակվել: