Արամ Մանուկյանի դեմ հարձակումով ՀՀԿ-ն որոշել է վախեցնել հենց իր կողմնակիցներին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Սխալվում են նրանք, որոնք մտածում են, թե սա ուղղված է ընդդիմության ու ակտիվիստների դեմ: Սա նաեւ ՀՀԿ խպատգամավորների դեմ է»,- ասել է Փաշինյանը:
«Այո, այո, մի զարմացեք: Կարող է սա սենսացիայի պես է հնչում, բայց ես շատ ՀՀԿ-ականների հետ եմ շփվել եւ ինձ համար կարեւոր եզրակացություն եմ արել: ՀՀԿ-ում կան մարդիկ, որոնք խորապես գիտակցում են՝ ինչ է տեղի ունենում երկրում: Նրանք նույն հարցադրումներն են են անում եւ երբ այս ամբիոնի մոտ են բարձրանում կիսագրագետ մարդիկ՝ ԱԺ պատգամավորի ինստիտուտը արատավորող փողոցային բառապաշարով, ապա հասկացեք՝ նրանց ուղարկում են, որ ՀՀԿ-ում մտածող մարդկանց պահեն հսկողության տակ, որ փորձեն վախեցնել նրանց: Մեզ չեն վախեցնի: Մենք բանտ էլ ենք նստել, մեր վրա կրակել են, իսկ նրանց ուզում են հիշեցնել՝ մի թպրտացեք, թե չէ կկրակենք մուտքերի մոտ: Ոչ ոք փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանից ավելի հեղինակություն չի ունեցել, իսկ նրան սպանեցին (2010-ին-խմբ): Այս բոլոր նշանները ՀՀԿ-ականների համար է, որոնք խորապես գիտակցում են, որ երկիրը վատ ուղիով է ընթանում»,-ամփոփել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին բռնության դեպքեր են գրանցվում ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների նկատմամբ: Մի քանի օր առաջ ծեծի էին ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանն ու Սուրեն Սարգսյանը: Իսկ դեկտեմբերի 11-ին, երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ: Ոստիկանությունը պարզել էր, որ հարվածողը եղել է 41-ամյա Արշակ Սվազյանը, որը սակայն բերման ենթարկվելուց հետո ազատ է արձակվել:











