Բոլոր այն գործարարները, որոնք դոլար-դրամ փոխարժեքի տատանման ֆոնին անհիմն թանկացրել են ապրանքը, պետք է պատժվեն: Այս մասին այսօր դեկտեմբերի 18-ին լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ մայրաքաղաքի սուպերմարկետներում անակնկալ այցելություններից հետո:

«Մենք բազմաթիվ դեպքերի ականատես եղանք, որ անհիմն թանկացումներ են եղել, մեր պատկան մարմինները շրջում են խանութներում: Թանկացումները պետք է լինեն դոլար-դրամ փոխարժեքի տատանման տոկոսադրույքին համապատասխան, բայց արձանագրվել են դեպքեր, երբ ապրանքը 10-13 տոկոս թանկանալու փոխարեն 30 տոկոս է թանկացել»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ կառավարությունը ստեղծել է անկախ հանձնաժողով, որը հիմա ուսումնասիրում է շուկայի սպեկուլացիաները, որպեսզի օրենքի շրջանակներում բոլոր իրավախախտները պատժվեն:

«Համոզված եմ, որ մարդիկ հասկացան, որ չի կարելի մեր ժողովրդի բախտի հետ խաղալ, շոկի մեջ պահել մարդկանց, թե դոլարը դառնալու է 700-800 դրամ»,- ասաց վարչապետը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ արդյոք ինքը չգիտի, թե ովքեր են խախտողները, Հովիկ Աբրհամյանը պատասխանեց. «Ինչի մասին որ դուք խոսում եք, ում մասին որ դուք խոսում եք, այդ մարդիկ զգուշացվել են: Պատահական չէ, որ ես այսօր այստեղ եմ, երեկ ես բոլորին ասել եմ, մարդիկ գայթակղվում են, պետք չի գայթակղվել, պետք չի նման պահերն օգտագործել եւ ժողովրդից ավել փողեր կորզել»,-ասաց վարչապետը, որ հենց նոր էր դուրս եկել գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փակ շուկա» սուպերմարկետից:

 Հովիկ Աբրահամյանը նաեւ նշեց, որ դրամի փոխարժեքն արդեն կայունանում է, իսկ սպեկուլյանտները կպատժվեն:

«Առաջիկա շաբաթում իրական կուրսը կլինի, մենք ոչ մի միջամտություն չենք կարող անել, մենք բոլորին փորձում ենք բերել օրենքի դաշտ, անհիմն թանկացնողներին պատասխանատվության ենթարկել, պատասխանատվության պետք է ենթարկենք դոլար-դրամ փոխարժեքով զբաղվող սպեկուլյանտներին»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ նախորդ օրվա շոկն անհիմն էր:

Հիշեցնենք, որ վարչապետն ավելի վաղ եղել էր նաեւ «ՍԱՍ» եւ «Զովք» սուպերմարկետներում։