2014թ. հայոց բանակի համար առանձնահատուկ էր իր լարվածությամբ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Այս տարին առանձնահատուկ էր իր լարվածությամբ՝ սկսած հունվարի 19-ի դեպքից՝ Արմեն Հովհանննիսյանի զոհվելուց, այնուհետեւ հուլիս-օգոստոսյան լարվածությունը, նաեւ ուղղաթիռի խոցելը, մեր ստորաբաժանումների հմուտ գործողությունները, արժանի հակահարվածները»,-ասաց նախարարը:
Սեյրան Օհանյանը առանձնացրեց նաեւ մարտական պատրաստության մեջ հաջողությունները, հայ մարզիկների հաղթանակները: Նրա խոսքով՝ այդ ամենն արտացոլվել են մեր մանուկների ու երիտասարդների մոտ:
«Ամենակարեւոր արդյունքն էր, որ բանակում հայտարարված էր արատավոր բարքերի դեմ պայքարի տարի՝ «Բանակը մեր տունն է, մեր ամրոցն է» խորագրով: Մեր հասարակության հետ մենք ունեցել ենք հաջողություններ, կարգապահական պրակտիկայի վերլուծությունը ցույց է տվել, որ քրեածին դեպքերը երկուսուկես անգամ նվազել են: Այն դեպքում, երբ հրամանատարությունն այս տարի պատասխանատվությունն իր վրա է վերցրել: Իհարկե սա նախկին տարիներին հրամատարների աշխատանքի արդյունքն էր, այն մարդիկ, ում հետ մենք աշխատել ենք, դեռեւս բանակ չեն եկել» ,- ասաց նախարարը՝ նշելով, որ ինքը հույս ունի, որ 2015թ. Հայոց բանակը կամրապնդի խաղաղությունը եւ զսպման մեխանիզմներ կձեւավորի՝ նվազեցնելով լարվածությունն առաջին գծում:











