Գերմանիայում Սուրբ ծննդի առթիվ տունը 450 հազար լամպերով են զարդարել: Գերմանական հասարակ ընտանիքի հասարակ տունն արդեն 15 տարի շարունակ սուրբծննդյան տոնին ընդառաջ պսպղուն հրաշքի է վերածվում:
Դա շլացուցիչ հրաշք է, ասես սուրբծննդյան հեքիաթի մի մաս լինի: Դրան գերմանական Կալե գյուղակում հանդիպելիս ոչ մի վայրկյան չես կասկածում, որ Սանտան այնտեղ է բնակվում: Հնարավոր է, որ դա հենց այդպես էլ կա:
Տարին մեկ անգամ այդ լուսե կացարանի տերը դառնում է բարի հրաշագործ, որը ֆանտաստիկ տեսարաններ է պարգեւում եւ հարեւաններին, եւ զբոսաշրջիկներին: Նրանք նույնպես գալիս են՝ հիանալու «Սուրբծննդյան տնով», փոխանցում է NTDTV-ը:
«Այս գաղափարը ծնվել է 1999 թ.: Մենք որդուս հետ դեկտեմբերին գնացել էինք Ամերիկա եւ մի անգամ զբոսնում էինք ողջ գիշեր՝ դիտելով տները: Մեկը մյուսից գեղեցիկ էին: Դա մեզ դրդեց անմիջապես գնալ Wal-Mart սուպերմարկետ: Մենք երկու պայուսակ լույսեր գնեցինք եւ տուն եկանք», -հայտարարել է «Սուրբծննդյան տան» տեր Ռոլֆ Ֆոգտը:
Սկզբում Ռոլֆ Ֆոգտը տունն ավելի քիչ լույսերով է զարդարել: Նա դա արել է միայն ընտանիքին ուրախացնելու համար: Սակայն զբոսաշրջիկները շատ արագ իմացել են անսովոր տան մասին:
Հաջորդ Սուրբ ծննդին տանտերը որոշել է 5 հազար լույս վառել: Եւ այդպես ամեն տարի վառվող լույսերը շատացել են. չէ՞ որ մարդիկ մշտապես նոր տպավորություններ են ցանկանում: Այժմ Ֆոգտը չի կարող ասել, թե քանի լույս է վառվում իր տան պատերին:
Այժմ Ֆոգտի համար տան սուրբծննդյան զարդարանքը պատասխանատու առաքելություն է: Նա տոնին սկսում է պատրաստվել դեռ հուլիսից, որպեսզի հետո մարդկանց մեկ ամիս սուրբծննդյան կախարդական հեքիաթ պարգեւի:











