«Մոսկվա» կինոթատրոնի մոտ այսօր՝ դեկտեմբերի 22-ին, «Ո ́չ Թուրքիայում հանգստին» ակցիայի կամակերպիչները անցորդներին կոչ էին անում չմեկնել Թուրքիա հանգստի, չհարստացնել այն պետությանը, ում զենքերը հետագայում ուղղվելու են Հայաստանի դեմ:

«Ակցիան սթափեցման կոչ է, որպեսզի մարդիկ տոմսը գնելուց առաջ եւս մեկ անգամ մտածեն, որ գնում են դեպի այն պետություն, որը իրականացրել է նման ցեղասպանություն: Հանգիստը Հայաստանում կամԵվրոպական երկրներում ավելի թանկ է. բայց ամեն դեպքում  ավելի լավ է ավելի թանկ հանգստանալ, քան գնալ  հարստացնել մի պետության, որի փամփուշտները, զենքները ծառայելու են ընդդեմ քո պետության երեխաների, քաղաքացիների, մայրերի, քույրերի»,- լրագրողների հետ զրուցում ասաց կամակերպիչ, «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ ղեկավար Արմինե Բարսեղյանը:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նույնպես ներկա էր միջոցառմանը, եկել էր տեսնելու մարդկանց արձագանքը:

«Առաջին հայացքից է թվում, թե սովորական բան է  ու  Թուրքիայում հանգստանալը կապ չունի Ցեղասպանության  դատապարտման կամ ճանաչման հետ, բայց հավատացեք՝ ամեն ինչն էլ նշանակություն ունի»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:

Ակիցայի կազմակերպիչները անցորդներին առաջարկում  էին լուսանկարվել «Ո ́չ Թուրքիայում հանգստին» գրությամբ պաստառի մոտ:

Նշենք, որ ակցիան կազմակերպվել էր «Բարձրաձայնում» ծրագրի շրջանակներում, որը նոյեմբերի 22-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության եւ «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ «Ցեղասպանություն եւ մշակույթ» անվանակարգում դրամաշնորհ էր ստացել: