Քայքայիչ աղանդների դեմ պայքարող՝ «Միացյալ երիտասարդական լիգա» շարժումը ցանկանում է Երեւանի Շիրակի փողոցն անվանակոչել հուլիսի 31-ին հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխելիս զոհված զինծառայող, 20-ամյա Ազատ Ասոյանի անունով: ՄԵԼ ղեկավար Սեւակ Հովհաննիսյանի խոսքով՝ նպատակը ցույց տալն է, որ մենք գնահատում ենք մեր հերոսներին:

«Ղարաբաղի խնդիրը լուծված չի, Ադրբեջանն իր երկրում հերոսացնում է հանցագործի, իսկ մենք կարծես չենք շտապում: Իմ կարծիքով՝ սա ոչ թե մեր քայլը պետք է լիներ, այլ հենց իշխանության՝ վերնախավի: Այսօր ցանկացած հերոսին հերոսացնելը ցանկացած հայի պարտականությունն է»,- այսօր՝ դեկտեմբերի 23-ին, NEWS.am-ին ասաց ՄԵԼ ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը՝ նշելով, որ իրենց այս նախաձեռնությունը շարունակական է լինելու, իրենք հնարավոր ամեն ինչ անելու են, որ լինեն փողոցներ ոչ միայն Ազատ Ասոյանի, այլեւ մյուս հերոսների անուններով:

Շարժման անդամները նախորդ օրը գրավոր դիմել են քաղաքապետարան, որտեղից տեղեկացրել են, որ պաշտպանության նախարարությունից համապատասխան երաշխավորագիր է հարկավոր այն մասին, որ Ազատ Ասոյանը զոհվել է հանուն հայրենիքի: Նախարարությունում ասել են, որ նման թուղթ չեն տրամադրում, այդ պատճառով Սեւակ Հովհաննիսյանը որոշել է շարժման մյուս անդամների հետ հինգշաբթի հավաքվել Կառավարության շենքի մոտ՝ Կառավարությանը կոչ անելու աջակցել իրենց:

«Պասերով են խաղում: Մենք չենք սիրում պասերով, մենք ուղիղ ենք սիրում: Դրա համար որոշել ենք չակերտավոր բողոքի ակցիա անել Կառավարության շենքի մոտ, որտեղ լինելու են քաղաքապետը, վարչապետը, պաշպանության նախարարը: Մենք ուզում ենք, որ իրենք աջակցեն մեզ: Եթե այսքան ժամանակ իրենք իրենց կամքով չեն աջակցել, ստիպում ենք, որ աջակցեն: Նաեւ ուզում ենք բարձրաձայնել, որ ամբողջ ազգը միանա մեզ»,-ասաց Սեւակ Հովհաննիսյանը:

Սեւակ Հովհաննիսյանը տեղեկացրեց նաեւ, որ փողոցի անվանափոխման դեպքում հնարավոր է՝ խնդիրներ առաջանան փողոցի բնակիչների հետ, ինչից խուսափելու համար էլ իրենք զրուցել են նրանց հետ, ստացել նրանց գրավոր համաձայնությունը: Սեւակը, միեւնույն ժամանակ, նշեց, որ ամենից դժվարը եղել է Ազատի ծնողների համաձայնությունը ստանալը:

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր գործել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության՝ հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ էր շպրտվել ելման դիրքեր: Գործողության հետեւանքով զոհվել էր նաեւ 20-ամյա ժամկետային զինծառայող Ազատ Ասոյանը: