Կարապի լճի սահադաշտն արդեն 10-րդ տարեշրջանն է, որ իր դռներն է բացում չմշկասահքի սիրահար երեւանցիների եւ մայրաքաղաքի հյուրերի  առջեւ:

Սահադաշտի տարեշրջանի հանդիսավոր բացումն ազդարարվել է Երեւանի գեղասահքի եւ թափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցի սաների ելույթով, ովքեր հանդիսավոր սահքով սահադաշտ են բերել եռագույնն ու Երեւանի դրոշը: Միջոցառումը շարունակվել է պատանի մարզիկների ցուցադրական ելույթներով: Կարապի լճի սահադաշտի հանդիսավոր բացմանը ներկա է գտնվել Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

Երեւանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը սահադաշտում կարող են սահել ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ 22:00-ն, բացառությամբ ժամը 16:00-ից 18:00-ը տեւող տեխնիկական ընդմիջման: Սկսնակներին վարժվելու  հարցում կօգնեն հմուտ մարզիկները: Ի դեպ, այս տարի ձեռք են բերվել նոր չմուշկներ, որոնցով սահքը կլինի առավել  դյուրին:

Հնարավոր վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար, ինչպես ամեն տարի,  սահադաշտի հարեւանությամբ կգործի բուժկետը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am