Պաշտոնատար անձանց տների վրա հարձակումներ գործելու կամ այսպես կոչված «Բանդայի» գործով դատական նիստին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանը ամբաստանյալ, բանդայի պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանին թույլ չտվեց ավարտել իր վերջին խոսքը։ Դատավորը ամբաստանյալին ընդհատեց՝ ասելով, որ նրա խոսքը վիրավորում է մեղադրող Սասուն Խաչատրյանին։

Նշենք, որ Արտուշ Հակոբյանն իր խոսքում ասել էր, որ դատախազը հարգանքի արժանի չէ։

«Դատախազի վերջին ելույթից հասկացա, որ նա հարգանքի արժանի չէ։ Հարգանքի են արժանի նրանք, ովքեր ունեն կրթություն, իրենց մասնագիտական կարծիքը, ովքեր իրենց արարքով հաճույք են պատճառում դիմացինին, ոչ թե զզվանք»,- ասաց Արտուշ Հակոբյանը, որի խոսքն այդ պահին ընդհատեց դատավորը։

Վերջին խոսքը շարունակելու՝ Արտուշ Հակոբյանի փորձերը զուր անցան։ Նա վրդովված դիմեց դատավորին. «Երեք ամիս այս օրվան եմ սպասել, որ վերջին խոսք ասեմ։ Վիրավորվում եք դատախազին ասված իմ խոսքերից, իսկ դատախազն ինձ խայտառակ արեց՝ ասելով, թե բանդա եմ կազմակերպել, բանդա եմ ղեկավարել՝ առանց որեւէ հիմնավոր ապացույցի։ Դա վիրավորանք չի՞»։

Արտուշ Հակոբյանը հրաժարվեց շարունակել վերջին խոսքը, թեւ դահլիճում նստած նրա կինը արցունքն աչքերին ամուսնուն խնդրում էր շարունակել խոսքը։

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը,  Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա։