Մեծահարուստների տների վրա ավազակային հարձակումներ կատարելու կամ այսպես կոչված «Բանդայի» գործով 15 տարվա ազատազրկման դատապարտված, «Բանդայի» պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի փաստաբանը Վերաքննիչ դատարանում բողոքարակելու է 15 տարի ազատազրկելու որոշումը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտուշ Հակոբյանի փաստաբանը՝ Հովիկ Արսենյանը:

«Մեր չակերտների մեջ անկախ դատարանը նոտարի ֆունկցիա կատարեց ընդամենը եւ կնիք խփեց մեղադրական եզրակցության վրա: Սպասում էի նման վճռի, քանի որ Հայաստանում գոյություն չունի արդարադատության համակարգ եւ քանի գնաց ունքը սարքելու տեղը աչքն էլ հանեցին: Հրամայված էր, որ այդպիսի դատական ակտ կայացվեր»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ դատարանը ընդհանրապես հաշվի չառավ նախաքննության ընթացքում կատարված բազմաթիվ խախտումները:

Նրա խոսքով՝  եթե արդարադատություն լիներ, ապա այս գործով ներգրավված բոլոր քննիչներն ու նույնիսկ դատավորը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեին: 

Մեղադրյալ Արտուշ Հակոբյանի քույրն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ անարդար դատավճիռ է կայացվեց. «Եւս մեկ անգամ համոզվեցինք, որ Հայաստանում աշխատող բոլոր դատախազները եւ դատավորները կատարում են մարիոնետկայի դեր եւ ոչ մի ապացույց, փաստ չունենալով դատավճիռ են կայացնում: Մենք օրենք չունենք, օրենքը գլխից փտած է»: 

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ դատավոր Մեսրոպ Մակյանը «Բանդայի» պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանին դատապարտել է 15, Դավիթ Գալստյանին եւ Սամվել Դավթյանին՝ նույնպես 15 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ, իսկ  Արթուր Մանուկյանին՝ 11 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: Նշենք, որ Արտուշ Հակոբյանը արդարացվել էր ՀՀ ՔՕ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (թմրանյութերի ապօրինի շրջանառություն), մնացած հոդվածներով մեղավոր ճանաչվեց:

Դատարանի որոշմամբ Արտուշ Հակոբյանից, Դավիթ Գալստյանից եւ Սամվել Դավթյանից  բռնագրավվել է 22 մլն դրամից եւ 221 հազար դոլարից ոչ ավել գույք: Դատարանը նաեւ  ամբաստանյալներից բռնագանձել է 1 մլն 400 հազար դրամ դատական ծախսերի համար:

Նշենք, որ «Բանդայի» գործով մեղադրող Սասուն Խաչատրյանը ամբաստանյալների համար պահանջել էր 11-15 տարվա ազատազրկում։

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը,  Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա։