24-ամյա Միշա Պարոնյանն արդեն 4-րդ Ամանորն է դիմավորում «Երեւանի շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի անձնակազմի հետ: Սկզբնական շրջանում հարազատների համար դժվար էր համակերպվել, որ Միշան տոնական օրերն իրենց հետ չի անցկացնում, իսկ այսօր սովորական է դարձել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, կանչի մեկնելիս, Միշան նշեց, որ ինքը սովորաբար հունվարի 1-ին է հերթապահության լինում. ուղիղ 24 ժամ Միշան բուժքրոջ հետ այցելում է ավելի քան 30 տուն, սպասարկում տարաբնույթ գանգատներ ունեցող քաղաքացիների:

«Ամսի 31-ի գիշերը կանչերը շատ չեն, շատանում են հատկապես հունվարի 1, 2, 3-ից հետո. թունավորումներ, սիրտ-անոթային հիվանդություններ, խրոնիկական հիվանդությունների սրացումներ, բայց մեծ մասամբ հենց թունավորումներն են գերակշռում: Մարդիկ ուտում են, խմում ու հետո թունավորվում»,- ասաց բժիշկը:

Նրա խոսքով՝ սննդային եւ ալկոհոլային թունավորումներ, ցավոք, հանդիպում են նաեւ անչափահասների մոտ, շատ են կանչերը դասարանային խնջույքների ժամանակ:

«Անցած տարի, օրինակ, հունվարի 1-ին կանչ ենք ունեցել՝ 17-ամյա աղջիկ էր թունավորվել ալկոհոլից: Տհաճ դեպք էր, որ հայ աղջիկն այդքան խմում է եւ վատանում: Դժբախտաբար, տոն օրերին շատ են լինում նաեւ ավտովթարները»,- նշեց Միշան:

«Երեւանի շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ում գործում է 36 բրիգադ, որից 34-ը բժշկական է: Ամանորին ընկերությունն աշխատում է ամբողջ անձնակազմով, օրական ավելի քան 100 աշխատող: Կանչերի թիվը 630-650-ն է, աշխատողները հավաստիացնում են, որ Ամանորի օրերին կանչերի թիվը զգալիորեն չի մեծանում:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի