Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնն Ամանորի տոնական օրերին շատ է ստանում խորովածի ծուխը հրդեհի հետ շփոթած քաղաքացիների ահազանգեր:
NEWS.am-ի նկարահանող խումբն Ամանորից առաջ այցելել է կենտրոն եւ զրուցել ջոկատի անդամների հետ:
Ճգնաժամային կառավարման կենտրոնից կանչերն ընդունող եւ ջոկատին դեպքի վայր ուղարկող Անի Բարսեղյանի խոսքով՝ կանչերը սեզոնային են լինում:
«Ձմռանը մեծ մասամբ կանչեր ստանում ենք ձյան հետ կապված, այսինքն մեքենաներ են արգելափակվում կամ թաղվում ձյան, ցեխի մեջ: Ամռանն ավելի շատ օձի, կարիճի ահազանգերն են շատ: Ոչ սեզոնային միայն ավտովթարներն են»,- ասաց նա:
ՀՆՓԱԻԿ-ում դժվարացան ասել, թե օրական քանի կանչ են ստանում եւ որ կանչերն են գերակշռում: Հաճախակի հանդիպող կանչերն են՝ կենցաղային (փակ դռներ), փրկարարական (մարդկանց՝ տանը փակված մնալը), վթարա-փրկարարական (ավտովթարներ, արգելափակված մարդիկ), որոնողա-փրկարարական, սակրավորական, կինոլոգիական կանչեր: Խմբի պետ Կարեն Ավետիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Ամանորի տոնական օրերին, ցավոք, վթարներն են գերակշռում. «Նոր տարվա օրերին հաճախ հանդիպող կանչերն են կենցաղային կանչերը փակ դռների տեսքով: Ինչքան էլ որ ցանկալի չէ, շատ են հանդիպում ավտովթարները, արգելափակված մարդիկ, եւ որպես զավեշտ՝ խորովածի ծուխը բարձրահարկ շենքերի տանիքներում հրդեհի հետ շփոթած քաղաքացիները, որոնք անմիջապես զանգահարում են 911»:
Ամանորի տոնական օրերին «պատրաստ» է աշխատել նաեւ Ջեկը, որն իր տիրոջ՝ հետախույզ-կինոլոգ Ջեյն Ղազարյանի հետ կփրկի գազազած շներից վախեցող քաղաքացիներին, կորոնի կորած մարդկանց, մահացածների մարմիններ:
Ջեյնը կենտրոնի միակ կին կինոլոգն է, որը մեկնում է կանչերի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ հոգեբանորեն աշխատանքը ծանր է, երբեմն այնպիսի դեպքերի է հանդիպում, որ հոգեբանի կարիք է զգում:
«Բայց շներին շատ եմ սիրում, հենց դրա համար էլ ընտրել եմ այս մասնագիտությունը, շներն էլ հատուկ խնամքի կարիք ունենք: Մտածում եմ, որ մեզ հետ պետք է հատուկ հոգեբաններ աշխատեն: Օրինակ, երբ Վայքում արջ էինք բռնում, միայն ես պետք է մոտենայի եւ սրսկեի: Այդ պահին չես կարող իմանալ, թե ինչ կկատարվի, բայց աշխատանք է, պետք է անես: Բարեբախտաբար, ամեն ինչ հաջող ավարտվեց: Քիչ չեն նաեւ դիակների որոնման աշխատանքները: Լինում է՝ մարդկանց մարմինները թաղված են լինում խորը հողի կամ ծառերի տակ: Իսկապես, հոգեբանորեն դժվար է»,- ասաց Ջեյնը:
Նշենք, որ սա նմանատիպ միակ կենտրոնն է Հայաստանում, իր տեխնիկական հագեցվածությամբ առաջինը:
Աիդա Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի











