Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 28-ին հարյուրավոր երեխաներ Հայաստանի երիտասարդական նվագախմբի կատարմամբ լսեցին իրենց ամենասիրելի հոլիվուդյան  մուլտֆիլմերի երաժշտությունը:  «Քարթուն նոն ստոպ» եւ «Հայֆիլմ նոն ստոպ» ձեւաչափով ծրագրերի նախաձեռնողը հենց երիտասարդական նվագախումբն է՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

«Այս ծրագիրը կարելի է նաեւ դաստիարակչական անվանել, քանի որ այն երեխաների մոտ սիմֆոնիկ նվագախմբի մասին ընդհանուր պատկերացում է ստեղծում, եւ նրանք հասկանում են, որ նվագախումբն այդքան էլ սարասափելի չէ : Ձեւաչափը կարեւոր է նաեւ այնքանով, որ երեխաներին ուղեկցում են նրանց ծնողները, որոնցից շատերը, գուցե ցանկացել են, բայց ժամանակ չեն ունեցել ծանոթանալու սիմֆոնիկ երաժշտությանը»,- համերգից առաջ լրագրողներին ասաց Սերգեյ Սմբատյանը՝ նշելով, որ հիմնական մտահաղացումը եղել է այն, որ Հայաստանում լինի դասական երաժշտության մատչելի ձեւաչափ:

Սա «Քարթուն նոն ստոպ» ձեւաչափի առաջին համերգը չէր. 2014թ. ամռանը եւս մեկ նմանատիպ համերգ էր կազմակերպվել, մինչդեռ «Հայֆիլմ նոն ստոպ»-ը պրեմիերա էր:

Նշենք, որ նվագախմբի կատարումներն ուղեկցվում էին մեծ էկրանին տվյալ մուլտֆիլմի ցուցադրությամբ: Երեխաները ունկնդրում էին մեծ հետաքրքրությամբ, իրենց սիրելի հերոսների համար անհանգստանում ինչպես մուլտֆիլմը դիտելիս, իսկ տխուր վերջաբանով ֆիլմերի դեպքում՝ նույնիսկ արտասվում:

Դեկտեմբերի 28-ի համերգին մասնակցում էին նաեւ  մանկատաների 100 երեխաներ, որոնցից 80-ը՝ Վանաձորից: Նրանց համար ամանորյա այս նվերը պատրաստել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որի աջակցությամբ հնարավոր էր դարձել երեխաների ներկայությունը համերգին: ՀԷՑ աշխատակիցների 300 երեխաներ նույնպես ունկնդիրների շարքերում էին:

Դիրիժորի խոսքով՝ ծրագիրը կշարունակվի այնքան, քանի դեռ երեխաների մոտ հետաքրքրություն կա նախագծի հանդեպ: