79-ամյա գյումրեցի Մնացական Բաղդասարյանը եւ 78-ամյա կիրովականցի Ջեմիկ Կարապետյանը իրար նկատել են Երեւանի №1 տուն-ինտերնատում եւ 8 տարի առաջ ամուսնացել միմյանց հետ:

Հիշելով նախամուսնական պատմությունը՝ Մնացական Բաղդասարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ շատերը ծերանոցում իրար հետ չեն մերվում եւ դրա համար կյանքի վերջին տարիների ընկեր են գտնում եւ ամուսնանում:

«Այստեղ տեսնում ես, որ տղամարդը տղամարդու հետ յոլա չի գնում, կնիկ մարդը կնիկ մարդու հետ, մեկի կրթական մակարդակը բարձր է, մյուսինը՝ ցածր: Ու էդպես մի օր Ջեմիկին ասեցի, աղչի ինձի կառնի՞ս: Ինքն էլ ասեց, ես չէ չեմ ասում, հա էլ չեմ ասում, ասեցի երկուսից մեկն ասա, ասեց չես ծխում, չես խմում, ուրեմն համաձայն եմ: Ես էլ կակ ռազ երկուսն էլ նոր էի թողել, բախտս բերեց ու մենք միացանք իրար»,- կատակում է Մնացական պապին՝ ավելացնելով, որ ինքը տիկին Ջեմիկի նախապայմաններին բանի տեղ չի դրել, քանի որ ոչ ծխել է, ոչ՝ խմել:

Լսելով Մնացական պապիի ամուսնական առաջարկության մասին պատմության տարբերակը՝ տիկին Ջեմիկը նշեց, որ երբ իմացել է նրա մասնագիտությունը միանգամից համաձայնվել է:

«Այստեղ մի աշխատող կար՝ քույր Մարուսը, որը ինձ տանում էր իրանց տուն գործ անելու, որպեսզի ես պարապ չմնայի: Երբ, գործից հետո գալիս էի ծերանոց, ասեց Ջեմա էս ճաշը կտաս Մնացականին, ես ասի, բայց ես նրան չեմ ճանաչում, ասեց քո կողքի սենյակում է, ես էլ բերեցի, տվեցի: Անցավ մի քանի օր, որ իմացավ  թույլ են տալիս ամուսնանալը, տեսա որ ակցենտը գյումրեցու է, ինքն էլ էլէկտրոինժեներ, ասի դու տղամարդ-տղամարդ, ես կին-տղամարդ, եթե ստեղ կխմես ու կծխես, ուրեմն ոչ, ինքն էլ պատասխանեց, որ ոչ խմում է ոչ ծխում: Հիմի հակառակն է, ինքը չի խմում, ես եմ խմում»,- կատակում է տիկին Ջեմիկը՝ նշելով, որ արդեն 8 տարի է ինչ նրանք ապրում են որպես ընկեր եւ ընկերուհի: 

Տիկին Ջեմիկը Հայրենական պատերզամից հետո մնացել է որբ, հետո ամուսնացել, մեկ տղա ունեցել, որը երիտասարդ տարիքում մահացել է: Վանաձորում է ապրել երկար ժամանակ, հետո հանգամանքների բերումով կորցրել բնակարանը եւ ստիպված տեղափոխվել ծերանոց:

«Ես մի ամիս առաջ էր, որ եկել էի ու թափառական էի, իսկ Ջեմիկը ինձանից 2 ամիս առաջ էր եկել, տեսա խելոք, մաքրասեր կին է: Մանկուց որբ է եղել եւ ես ամեն օր թեկուզ արհեստական ձեւով հումոր եմ անում, որ գոնե ժպտա»,- ասում է Մնացական պապին, որի կինը եւս մահացել է, իսկ երեք որդիները նրա խոսքով ապրում են Բելգիայում: 

Տիկին Ջեմիկն ասում է, որ շատ դեպքերում մոռանում է, որ իրենք ապրոմ են ծերանոցում:

«Ամեն հոգս Մնացականի վրա է, կուլտուրական ձեւով ապրում ենք մեր տան նման, հենց սենյակից դուրս եմ գալիս, նոր զգում եմ, որ ծերանոցում ենք»,- անկեղծանում է տիկին Ջեմիկը: