Արցախյան պատերազմի տարիներին ազատամարտիկները Ամանորը դիմավորել են խրամատներում, դիրքերում, կրակոցների տակ՝ սեղանին չունենալով գրեթե ոչինչ։ Ազատամարտիկները NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին՝ ինչպես են դիմավորել Ամանորը պատերազմի տարիներին։

«Սեղանին ինչ կարողացել ենք, ստեղծել ենք։ Եղել է՝ ոչինչ չենք ունեցել, ընդամենը կրակոցների տակ ենք դիմավորել, բայց եղել է, որ ազատ ենք եղել, պատերազմական գործողություն չի եղել, փորձել ենք հավաքվել տղաներով, եթե մեր մեջ երգող է եղել, երգել է։ Նույնիսկ մի անգամ «Զինուժից» էին եկել Հորադիսի դիրքեր, ու մենք այնտեղից շնորհավորեցինք մեր ժողովրդին, մեր ընտանիքներին»,- ասաց Ռուստամ Գասպարյանը։

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն էլ էլ հիշեց, որ Նոր տարին դիմավորել են շրջափակման մեջ գտնվող գյուղում։

«Ինչ ունեինք, բաժանում էինք տղաներին, նույնիսկ տոպրակներ էինք սարքել, եւ ուղարկել դիրքերում կռվող տղաներին, ամեն դեպքում Նոր տարին մնում էր Նոր տարի, եւ մի ձեւ նշում էինք»,-ասաց նա։

Ազատամարտիկների խոսքով՝ Նոր տարվա օրերին ավելի հանգիստ չէր լինում. «Ընդհակառակը, ադրբեջանցիները Նոր տարի չունեին, եւ, բացի այդ, մեր տոների օրերին նրանց կրակոցներն ու դիվերսիոն գործողությունները ավելանում էին»,-ասաց Ռուստամ Գասպարյանը։

Հիշելով արցախյան պատերազմի հաղթանակաների մասին՝ Ռուստամ Գասպարյանը նշեց, որ իր համար ամենահիշարժան հաղթանակը զինադադարն էր. «Մենք հասկացանք, որ ծնկի ենք բերել ադրբեջանցուն, եւ դա հաղթանակ եւ երջանկություն էր բոլորիս համար։

«Արաբո» ջոկատի հրամանատարի խոսքով՝ ամենահիշարժան պահերը պատերազմի ժամանակ ամեն օր են եղել. «Հաղթանակ էր, երբ ամեն օր գալիս էին նոր մարդիկ, նոր հաղթական տեսքով ու ոգով։ Եվ ընդհանրապես, ամեն օրը պատերազմի ժամանակ, երբ  հասկանում էինք, որ կարողանում ենք կռվել, ամենալավ բանն էր։ Եվ, իհարկե, զինադադարը, երբ մենք հասկացանք, որ մեր  ժողովրդի մարմնից մի ցավ հեռացրեցինք»։

Մանվել Եղիազարյանի խոսքով՝ մինչեւ չպարզվեն Արցախյան պատերազմի իրական մասնակիցները, նրանցից յուրաքանչյուրի մասնակցությունը եւ չտրվի Արցախյան պատերազմի ճիշտ գնահատականը, Հայաստանում ոչ մի լավ բան չի լինի։

«Մարդիկ կան, որ ոչ մի բան չեն արել արցախյան պատերազմի ժամանակ, թաքնվել են, իրենց համար հաց կերել, կամ խորոված, հասել են հաջողությունների։ Բնական է, որ հիմա նրանք պետք է ինչքան ուժ ունեն պինդ պահեն իրենց տեղը, որ իրենց հացը չպակասի։ Այդ պատճառով պետք է տրվի Արցախյան ազատամարտի իրական գնահատականը»,-ասաց Մանվել Եղիազարյանը։

Ռուստամ Գասպարյանն էլ հիշեցրեց, որ ամեն պահի հնարավոր է պատերազմի վերսկսումը։

«Խաղաղություն դեռ չկա, ընդամենը զինադադար է կնքվել, եւ յուրաքանչյուր պահի, յուրաքանչյուր վայրկյանի մենք սպասում ենք, որ կվերսկսվի պատերազմը, ու նորից մենք ենք գնալու, բոլորին հավաքելու մեր  շուրջը, քանի որ մենք արդեն մի անգամ մասնակցել ենք պատերազմի»,-ասաց նա։

Ազատամարտիկները Նոր տարվա կապակցությամբ հայ ժողովրդին մաղթեցին, որ 2015թ. լինի երազանքների իրականացման սկիզբը։

«Ես էլ կմաղթեմ, որ մի օր զարթնենք եւ այս ամբողջ դժբախտությունները, սրիկայությունները, ալան-թալանը եւ անօրինությունները հուշ դառնան եւ մեր տները մտնեն ուրախությունն ու խինդը»,-ասաց Մանվել Եղիազարյանը։