ԵՊՀ Կենսաինֆորմատիկայի 3-րդ կուրսի ուսանող Անդրանիկ Ուգուջյանը համոզված է, որ ապագայում հնարավոր է մարդու մաշկից ստանալ սեռական բջիջներ:

«Տեսականորեն դա հնարավոր է, եւ այժմ աշխարհի տարբեր լաբորատորիաներում կատարում են փորձեր, եւ երեւի թե մոտ ժամանակներում պարզ կդառնա՝ դա հնարավո՞ր է, թե՞ ոչ: Ենթադրենք՝ մեր մաշկից կարող ենք վերցնել ինչ-որ բջիջ, այն վերածենք բնային բջջի, հետո վերածենք սեռական բջիջի, իսկ հետո օգտագործենք համապատասխան կարիքների համար: Եւ սա լիովին նոր ուղղություն է բացում բժշկագիտության առաջ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Անդրանիկ Ուգուջյանը:

Անդրանիկի խոսքով, բնային բջիջները կարող են լուծել տարբեր օրգանների փոխպատվաստման խնդիրները: 

«Մեր օրգանիզմում կան բնային բջիջներ, որոնք կարող են դիֆերենցվել՝ այսինքն դառնալ տարբեր հյուսվածքի բջիջներ: Օրինակ՝ բնային բջիջները կարող են լուծել փոխպատվաստման հետ կապված խնդիրները, քանի որ եթե նախկինում օգտագործում էին այլ օրգանիզմից վերցված օրգան, այս դեպքում մենք կարող ենք համապատասխան օրգանիզմից աճեցնել անհրաժեշտ օրգանը եւ տեղադրել օրգանիզմի մեջ»,- ասաց ԵՊՀ ուսանողը:

Անդրանիկի խոսքով, նման փորձեր արդեն արվել են առաջատար համալսարաններում:

«Փորձեր կատարվեցին առնետների վրա, նրանցից բջիջ վերցրեցին՝ այն դարձնելով բնային բջիջ, որից հետո դրանք վերածեցին համապատասխան սեռական բջիջների: Նյուքսլի համալսարանից հետազոտող Կարիմ Նեյրնիան 2006թ. որոշեց չոչնչացնել արհեստականորեն աճեցրած բջիջները, կատարեց բեղմնավորում եւ ստացավ մկների առաջին սերունդը, որոնք առաջացել էին արհեստական սեռական բջիջներից»,- ասաց Անդրանիկ Ուգուջյանը՝ նշելով, որ դրանից հետո շատերը սկսեցին մտածել նույնը մարդկանց դեպքում կիրառելու ուղղությամբ, ինչը թեւե առայժմ գիտական փաստ է, բայց հավանական է, որ մոտ ապագայում այն պրակտիկ դրսեւորումը ունենա: