Արմավիրցի 30-ամյա Ռոզա Սահակյանը, որը 10 տարի սպասելուց հետո 2014թ. հոկտեմբերին եռյակ էր ունեցել, իր երկու աղջիկներին եւ տղային խնամում է շատ  դժվարություններով, բայց մեծ սիրով։

Եռյակի ծնունդից երեք ամիս անց այցելելով բազմանդամ ընտանիքին, NEWS.am-ի թղթակցին զարմացրեց քնի մասին արդեն մոռացած Ռոզայի առույգ եւ խնամված տեսքը։ Չնայած հարազատների եւ նույնիսկ հարեւանների օգնությանը, Ռոզան խոստովանում է՝ շատ դժվար է խնամել 3 ամսեկան փոքրիկներին, որոնք միասին են արթնանում, միասին ուտել ուզում եւ միասին քնում։

«10 տարի սպասել ենք էս գանձերին, բայց չէինք պատկերացնում, որ այսքան դժվար է։ Նրանք միասին սկսում են լացել եւ չգիտենք՝ որին ուշադրություն դարձնենք»,- պատմեց Ռոզան։

Ռոզան հատուկ մեթոդ է մշակել երեխաներին խնամելու հարցում, երբ նրանք միասին արթնանում են եւ ուտել ցանկանում, նրանց մահճակալին է դնում եւ կերակրելու շշերը հարմարեցնում այնպես, որ փոքրիկները կարողանան առանց որեւէ մեկի օգնությամբ կերակրվեն։

«Քանի որ ես չեմ կարող բոլորին միասին կերակրել, ստիպված նման կերպ եմ վարվում եւ կարծես թե ստացվում է»,-ասաց Ռոզան։

Ռոզայի հղիությունը շատ դժվար է անցել, հղիության մեծ մասն անցկացրել է հիվանդանոցում։

«Նույնիսկ բժիշկներն ինձ առաջարկեցին հեռացնել մի պտղին, ասում էին՝ կարող է իմ առողջությանը վնասել, կամ երեխաները ժամանակից շուտ ծնվեն, բայց չհամաձայնեցի։ Ճիշտ է՝ չափազանց դժվար էր, բայց հիմա չեմ էլ ուզում մտածեմ, երեխաներիցս մեկնումեկը կարող էր չլինել»,-ասաց Ռոզան՝ նշելով, որ ինքը վստահ էր, որ շատ առողջ են լինելու բալիկները, եւ այդպես էլ եղավ։

Ռոզա Սահակյանի խոսքով՝ ամենամեծ խնդիրը, որ իրենք ունեն, մանկական կերի եւ տակդիրների համար անհրաժեշտ գումարն է։

«Շաբաթական 25-30 հազար մեզ գումար է հարկավոր իրենց արհեստական կերերի եւ տակդիրների համար։ Երեխաների հայրիկին ստիպված ուղարկել ենք Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, որ կարողանանք հասցնել»,-պատմեց Ռոզան՝ նշելով, որ մի քանի անգամ բարեգործներն են օգնել սննդով, ինչ համար իրենք շատ շնորհակալ են։

Ընտանիքը նաեւ բնակարանային խնդիր ունի, տարածքը չի բավականացնում, երեխաների սայլակները պատշգամբում են պահում։

«Բայց մենք դժգոհ չենք, չենք նեղվում, կարեւորը՝ ունենք այս հրաշքներին։ Իմ բալիկները՝ Հայկը, Էլիզան ու Էլենան, արդեն պատրաստվում են իրենց առաջին Ամանորին»,-ասաց Ռոզան։