Երեւանի Կենտրոն վարչական շրջանի համայնքային ոստիկանության բաժանմունքի պրոֆիլակտիկայի ավագ տեսուչ Ղազար Հունանյանը ոստիկանության համակարգում աշխատում է 11 տարի: Նախկինում նա աշխատել է ոստիկանության Մալաթիայի բաժնում, ճանապարհային ոստիկանությունում, իսկ 2013թ.-ի դեկտեմբերից՝ ոստիկանության Կենտրոնականի բաժնում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հունանյանը նշեց, որ գնացել է հոր հետքերով, (հայրը թոշակի անցած ոստիկանության գնդապետ է) ոստիկան դառնալու ցանկություն դեռ մանկուց է ունեցել:
«Դպրոցից հետո որոշել էի ընդունվել ոստիկանության բարձրագույն դպրոց, չընդունվեցի, բայց մի քանի տարի անց արդեն սկսեցի աշխատել ոստիկանությունում: Ունեմ երկու բարձրագույն կրթություն. ավարտել եմ Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, ստացել ճարտարագետ-էլեկտրիկ մասնագիտությունը, այնուհետեւ արդեն Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում ստացել եմ իրավաբան-իրավագետի կրթություն: Ծառայել եմ Ազգային անվտանգության ծառայության հատուկ մարտական ստորաբաժանումների վարչության N զորամասում, աշխատել Կենտրոնական բանկի անվտանգության ծառայությունում, Հայաստանի սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում, Պետեկամուտների կոմիտեում, հետո արդեն եկել եմ հանցավորության դեմ պայքարելու»,- կենսագրությունը համառոտ ներկայացրեց ավագ տեսուչը:
Ղազար Հունանյանի համար հեշտ աշխատանք գոյություն չունի, յուրաքանչյուր գործ դժվար է յուրովի. միայն սեփական գործը սիրելու դեպքում, Հունանյանի խոսքով, բոլոր դժվարությունները դառնում են հաղթահարելի. «Ազգի նվիրյալի գործն եմ ընտրել, չեմ փոշմանել: Ոստիկանն իր անձնական խնդիրները թողել է մի կողմ եւ զբաղվում է մյուսների խնդիրներով: Շատերը դա չեն գիտակցում, մի մասը թշնամանքով է վերաբերվում ոստիկանին, բայց ժողովուրդը կամաց-կամաց հասկանում է, որ ոստիկանը ժողովրդին բարեկամն է, եւ ժողովուրդն էլ ոստիկանի բարեկամն է: Ոստիկանը երբեք չի հանգստանում, որովհետեւ առօրյայում ծագած բոլոր խնդիրներն անհապաղ լուծման կարիք ունի: Ինչքան մարդ կա, այնքան էլ խնդիր: Ցանկալի կլիներ, որ ժողովրդին օգնելու՝ ոստիկանության լծակներն ու դաշտն ավելի մեծ լինեին»:
Համայնքային ոստիկանությունը զբաղվում է ցանկացած խնդրով՝ հասարակ կորստից մինչեւ ծանր հանցագործություններ: Նոր տարվա տոնական օրերին նրանք էլ են աշխատում ուժեղացված ռեժիմով: Ղազար Հունանյանը վստահեցրեց, որ ոստիկանն իր ամենօրյա աշխատանքն է կատարում, ընդամենը անձնակազմի ավելի քանակ եւ տարաբնույթ ահազանգեր:
«Հաշվի առնելով մարդկանց տոնական տրամադրությունը եւ դրական տրամադրվածությունը միմյանց նկատմամբ՝ այս օրերին ավելի քիչ են լինում վիճաբանությունների ահազանգեր: Հերթապահություններն անցնում են խաղաղ պայմաններում, ոստիկանները չեն լարվում, որովհետեւ դու պարտավոր ես մտնել քաղաքացու դրության մեջ, չէ՞ որ Նոր տարի է, տոն է, ավելի ներողամիտ ես, քան սովորականում, որոշում կայացնելն էլ ավելի բարդ է լինում»,- ասաց Հունանյանը՝ նշելով, որ շատ քաղաքացիներ էլ իրենց պարտքն են համարում տոնական օրերին զանգահարել ոստիկանություն եւ շնորհավորել:
Աիդա Հովհաննիսյան











