2013թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին սկսված եւ հետագայում մեծ թափ ստացած «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքի դեմ պայքարող «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնությունn իր առաքելությունը դեռ ավարտված չի համարում: Նախաձեռնության անդամները NEWS.am-ի հետ զրույցում խոսեցին շարժման ձեւավորման, իրենց հաղթանակների, հիշարժան ակցիաների եւ հետագա անելիքների մասին:

«2010թ. երբ Հայաստանում ներդրվեց կենսաթոշակային նոր օրինագիծը, շատ քիչ մարդիկ էին տեղյակ այդ մասին, որովհետեւ չլինելով մասնագիտությամբ հաշվապահ, ֆինանսիստ կամ մեկը, որ գործ ունի օրենքների հետ, չգիտեին, թե դա ինչ է իրենից նրկայացնում: ԿՀԻԿ-ը որեւէ իրազեկում չէր արել, եւ  2013թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները երբ մոտեցան, մարդիկ քիչ թե շատ տեղեկացվեցին օրենքի մասին, նրանց մոտ տրամաբանական հարցեր առաջացան, թե ինչ է նշանակում՝ 40 տարի հետո կտան իրենց գումաները, կամ քեզանից գանձվող միջոցները ինչպես են տնօրինվելու։ Այդ հարցերը հասկանալու համար պարբերաբար սկսեցինք հավաքվել»,-պատմեց «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը:

Նրա խոսքով՝ բազմաթիվ քննարկումներից հետո իրենք հասկացան, որ չեն ցանկանում՝ այդ օրենքը գործի, քանի որ այն մարդու իրավունքներն է խախտում. «Առաջին քայլը, որ արեցինք, նամակով դիմեցինք վարչապետին՝ բացատրելով, թե  ինչ խնդիրներ կարող է օրենքը առաջացնել, հատկապես մի շարք ոլորտների համար, որոնցից մենք քաջատեղյակ ենք»:

Նախաձեռնության անդամները պատմեցին, որ վարչապետին ուղղված անպատասխան նամակից հետո սկսվեցին ակցիաները, որոնք գնալով ավելի ու ավելի բազմամարդ էին դառնում:

«Առաջին ակցիաները սկսվեցին ԱԺ-ի մոտից, այնուհետեւ՝ երթ դեպի ՄԻՊ, եւ գնալով ակցիաները թափ էին առնում: Իշխանությունները դիմադրում էին, չէին արձագանքում, եւ դրանով շարժմանը ավելի թափ հաղորդվեց:ԱԺ-ի քննարկումներից հետո էլ հասկացանք, որ հարցը պետք է լուծվի իրավական ճանապարհով եւ դիմեցինք Սահմանադրական դատարան: Այնուհետեւ հունվարի 18-ին տեղի ունեցավ շատ մեծ հանրահավաք, որն աննախադեպ էր նրանով, որ քաղաքացիական հասարակության կողմից շատ լուրջ քայլ էր»,-ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը:

Նրա խոսքով՝ գրեթե բոլորը համոզված էին, որ ՍԴ-ն օրենքը նույնությամբ կթողնի, սակայն ՍԴ-ն անսպասելիորեն որոշեց կասեցնել օրենքը:

«Այս որոշումը այնքանով է հստակ, որ եթե սրան կառավարությունը հետեւի, ապա չեն կարող օրենքըմեզ հերթական անգամ ներկայացնել պարտադիր բաղադրիչով»,-ասաց Դավիթ Խաժակյանը:

«ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանի խոսքով՝ ՍԴ որոշմանը Կառավարությունը լիարժեք չհետեւեց. «Օրենքում ինչ-որ ձեւակերպումներ փոխվեցին, ճիշտ է՝ մասնավորից հիմա կուտակային չեն գանձում, բայց պետական հատվածում օրենքը գործում է»:

 Անդրադառնալով «ԴԵՄ ԵՄ» շարժմանը քաղաքական ուժերի միանալու հանգամանքին՝ նախաձեռնության անդամները նշեցին, որ իրենք են քաղաքական ուժերինայդ հարցով դիմել։

«Դիմեցինք ընդդիմադիր ուժերին, նրանք էլ ստորագրություններ հավաքեցին եւ արտահերթ նիստ հրավիրեցին ԱԺ-ում, որը բոյկոտեց ՀՀԿ-ն: Քաղաքական ուժերը միացան մեզ, որովհետեւ մենք  չէինք շեղվում մեր ուղուց, եւ միայն այս հարցն էինք ուզում լուծել»,-պատմեց նախաձեռնության անդամ Լեւոն Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այդ ընթացքում բազմաթիվ շահարկումներ եղան, որ ինչ-որ քաղաքական ուժեր են կանգնած «ԴԵՄ ԵՄ»-ի հետեւում եւ ֆինանասավորում են շարժումը, որոնք, ի վերջո, մարեցին:

«Սկզբում մենք մեզ վատ էինք զգում, վրդովվում էինք,  բայց հետո հասկացանք, որ դրանք ինչ-որ տեղ պառակտելու միտում ունեն, մենք ուղղակի բանի տեղ չդրեցինք, անցավ, գնաց»,-ասաց Լեւոն Հարությունյանը:

ԴԵՄ ԵՄ-ի անդամները պնդում են, որ իրենց ոչ մեկ իրենց չի ֆինանսավորել, իրենք սեփական միջոցներով են ակցիաների համար պաստառ եւ դրոշակ տպել:

«Շարժման համարյա բոլոր մասնակիցները գումար հավաքելուն մասնակցել են, նույնիսկ կազմակերպություններում մարդիկ տարաներով գումար էին հավաքում, որ պլակատ ու դրոշակ տպենք»,-ասաց Լեւոն Հարությունյանը:

Նախաձեռնության անդամներն իրենց ամենահիշարժան ակցիաներից են համարում Ձմեռ պապիկների հագուստով իրազեկման ակցիան, ԱԺ-ի մոտ՝ համակարգչային մկնիկների ակցիան։

Նրանք հիշեցին նաեւ ավտոերթերից հետո ոստիկանության կողմից իրենց նկատմամբ ճնշումներ գործադրելուն, որը, ըստ նախաձեռնության անդամների,  զավեշտալի էր. «Եվ եթե սկզբում ոստիկանները խոչընդոտում էին ավտոերթերը, ապա վերջում արդեն ուղեկցում էին դրանք:Զավեշտալի դեպքեր էլ են եղել ակցիաների ժամանակ, մի ավտոերթի ժամանակ ոստիկանները փակեցին հրապարակը, այսինքն՝ եթե ավտոերթը կարող էր առնվազն խցանում առաջացնել, ապա իրենք առաջացրին այդ խցանումը»:

Նախաձեռնության անդամներն իրենց ամենամեծ ձեռքբերումը համարում են ՍԴ աննախադեպ որոշումը, որը ժողովրդի օգտին որոշում կայացրեց:

«Վերջնական նպատակին շարժումը, իհարկե,  չհասավ, քանի որ իրենց մեթոդներով մարդկանց խմբերի բաժանեցին, պետական ու մասնավոր սեկտորների, եւ դուրս եկավ այնպես, որ նրանք, ովքեր ակցիաներին մասնակցում էին, իրենց հարցը լուծվեց: Վերջնական լուծումը այն կլիներ, որ լավ օրենք լիներ, ու բոլորս ցանկանայինք կամավոր մասնակցել համակարգին ու վերջում էլ լավ թոշակ ստանայինք»,-ասաց Լեւոն Հարությունյանը:

Մանե Թանդիլյանի կարծիքով՝ շարժման ձեռքբերումներից էր նաեւ այն, որ մարդիկ աշխուժացան եւ սկսեցին պայքարել իրենց իրավունքների համար:

«Շարժումն ուղղակի ապացուցեց, որ ինչքան ուժ ես ներդնում պայքարի մեջ, այնքան ու մի բան էլ ավելի հետ ես ստանում»,-ամփոփեց նախաձեռնության անդամ Շողեր Բաբայանը:

Նախաձեռնության անդամները վստահեցնում են՝ իրենց առաքելությունը դեռ չի ավարտվել, պայքարը դեռ շարունակվելու է այն ոլորտներում, որտեղ կխախտվեն քաղաքացիների իրավունքները, եւ տարիներ անց «ԴԵՄ ԵՄ»-ի ձայնն ավելի բարձր կլսվի: