Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանն արդարացի որոշում է կայացրել՝ այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի անդամ Ասկերովին ցմահ, իսկ Գուլիեւին էլ 22 տարվա ազատազրկման դատապարտելով։

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Տավուշի մարզի մարտական հենակետեր այցելության ժամանակ լրագրողները վարչապետին խնդրեցին մեկնաբանել դիվերսանտների գործով վճիռը։

«Դա դատարանի իրավասությունն է։ Մենք իրավասու չենք միջամտել։ Ամեն դեպքում ես համոզված եմ, որ դատարանն արդար վճիռ է կայացրել։ Դրանք մարդիկ են, որոնք փորձում էին խաղաղ բնակիչներին, կոպիտ ասած, սպանել եւ դրանց իրոք հասնում է նման վճիռ։ Ես կարծես թե ուրախ եմ, որ նման մարդիկ նման արժանի պատիժ են կրում»,- ասաց վարչապետը։

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ հակառակորդը պետք է իմանա, որ ցանկացած ոտնձգություն կստանա իր պատշաճ պատասխանը եւ պատիժը. «Այս պահին մարմինս կարծես թե փշաքաղվում է, որ մենք ունենք նման ամուր զինվորներ, որոնք պաշտպանում են մեր բանակը, եւ օգոստոսին մենք դա բոլորս զգացինք։ Ժողովուրդը հանդիպում էր զինվորներին, իրենք էին մեզ կոպիտ ասած դուխ տալիս, ասում՝ անհոգ եղեք, մտահոգ մի եղեք»։

Վարչապետը հիշեց նաեւ 2014թ.-ի ընթացքում զոհված մեր զինծառայողներին՝ համոզմունք հայտնելով, որ Ադրբեջանն աստիճանաբար հասկանալու է, որ ուժով եւ պատերազմով հաջողություն չի արձանագրվի, ստիպված պետք է լինեն նստել խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ։

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք է առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել։