Երևանի Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցի աշակերտներն այս տարի որոշել են օրիգինալ ձեւով զարդարել դպրոցը: Շենքի պատուհաններից արդեն մեկ ամիս կախված են աշակերտների ձեռքով պատրաստած նվերների տուփերը։ Գաղափարը եղել է տնօրենինը, այն իրագործել են աշակերտներն ու ուսուցիչները: Դպրոցն այս զարդարանքով կմասնակցի dasaran.am կայքի հայտարարած՝ «Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում» հանրապետական մրցույթին:
«Երբ առաջին օրը հայտարարեցին մրցույթի մասին, չէինք հասկանում իմաստը: Մեր տնօրենն առաջարկեց, որ ամեն դասարան պատրաստի մեկական արկղ եւ ներկայացնի ուսմասվարներին: Մենք շատ արագ պատրաստեցինք, բոլորս հետաքրքրված էինք մրցույթով, բոլորիս շատ հետաքրքրում էր, թե ինչպիսին կլինի վերջնական տեսքը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի աշակերտուհիներից Լարիսա Աֆանդյանը:
Աշակերտների համար ամենից դժվարն արկղերը գտնելն էր։ Աշխատանքի ուսուցման ուսուցիչն օգնել է զարդարել դրանք, ֆիզկուլտուրայի ուսուցիչը՝ կախել դրանք պատուհաններից։
Դպրոցի ներքին զարդարանքը՝ խաղալիքները, տոնածառների զարդերը, նույնպես
Աշակերտներն իրենց ձեռքով են պատրաստել։ Ավանդույթի համաձայն՝ կպարգեւատրվի ամենագեղեցիկ զարդարված դասարանը։
Մրցույթին մասնակցությունը ոգեւորել է անգամ առաջին դասարանցիներին. նրանք տոնածառից են կախել իրենց պատրաստած՝ խմորից տառերը:
Դպրոցի երկրորդ հարկը աշխատանքի ուսուցման դասաժամին տղաների պատրաստած փայտե իրերով է զարդարված. տնակները, եկեղեցին, նստարաններն ու ջրաղացը ձմեռվա գյուղական տեսարան են ստեղծել: Աշակերտներին միայն մի բան է տխրեցնում. տոներից հետո ստիպված են լինելու դպրոցը նախկին տեսքին վերադարձնել:











