Նոյեմբերի 5-ի գործով դատապարտյալները խուլիգաններ չեն, նրանք հայ ազգի նվիրյալներ են. այլ պարագայում ոչ ոք 5 օրական երեխային օրորոցում չէր թողնի ու չէր գնա արժեքների հեղափոխության: Այս մասին NEWS.am-ին ասաց 26-ամյա դատապարտյալ Ավետիս Ավետիսյանի մայրը՝ Լուսյա Մարտիրոսյանը:
«Տղաս ամեն ինչով ապահովված էր, միայն իր մասին մտածելով չգնաց, բոլորի մասին մտածելով գնաց: Ո՞ր մի երտասարդը հինգ օրական երեխային կթողնի օրորոցում ու կգնա, այն դեպքում, երբ ես, կինը, որդին իր կարիքը շատ ունեինք: Ի՞նչ խուլիգանություն կատարելու մասին է խոսքը»,- ասաց Լուսյա Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ Ավետիս Ավետիսյանի որդին՝ Արմենը, 2013թ. նոյեմբերի 5-ին 5 օրական էր, երբ հորը ձերբակալեցին: Տիկին Լուսյան մտահոգված է, որ մեկ տարի երկու ամսական Արմենը մեծանում է առանց հոր:
«Ավետիսի հայր մահացած է, ես միայնակ կին եմ, միայն հարսս է աշխատում։ Երեխայի համար է դժվար, որ առանց պապայի է մեծանում, չնայած երբեմն այցելում ենք»,- նշեց Լուսյա Մարտիրոսյանը:
Տիկին Լուսյան պատմեց, որ երբ նոյեմբերի 13-ին նրանք այցելել են Ավետիսին, որդին ճանաչել է հորը եւ առաջին անգամ «պապա» ասել:
«Աննկարագրելի էր, մորուքը բարձրացրեց վերեւ, նայեց պապային, ասեց՝ պապա՞, Ավետիսը շատ հուզվեց: Ասեցի՝ հիշո՞ւմ ես, որ ասում էիր՝ մամ, կգամ էն ժամանակ, երբ տղես կասի՝ պապա: Հիմա մտածում եմ՝ սխալվեցի, որ հիշեցրեցի»,- հիշեց Լուսյա Մարտիրոսյանը:
Դատապարտյալի մոր խոսքով՝ ինքը փորձում է լրացնել որդու ժամանակավոր բացակայությունը, թոռնիկի հետ հաճախ է խոսում Ավետիսի մասին. «Երեխայի հետ շատ եմ խոսում , ասում եմ՝ պապան, Ավոն ուր ա: Հենց Ավո եմ ասում, պտտվում, նայում ա համակարգչի մոտ դրած Ավետիսի նկարին»:
Լուսյա Մարիտրոսյանը հույս ունի, որ իր որդին 2015թ. տուն կգա, Վերաքննիչ քրեական դատարանը կարդարացնի Նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալին:











