Շիրակի մարզկենտրոն Գյումրու «Երեխաների տուն» մանկատան 130 սաները ամանորյա եղեւնին ինքնուրույն են զարդարել, անհոգ մանկության եւ առողջ լինելու մասին ոտանավորներ են սովորել: Նրանց ամանորյա ցանկություններից մեկը տոներին ծնողների այցելությունն է, թեեւ նման բան հազվադեպ ու քչերի հետ է լինում:
Կենտրոնական նյարդային համակարգի օրգանական եւ ֆունկցիոնալ ախտահարումներով տառապող, կույր, խուլ, ֆիզիկական արատներ ունեցող՝ մինչեւ 6 տարեկան երեխաների մասին ծնողները սովորաբար հեռախոսազրույցների միջոցով են տեղեկանում: Հիվանդություն ունենալու պատճառով երեխաներին մանկատուն հանձնելուց հետո ծնողները տարվա մեջ մեկ-երկու անգամ են այցելում նրանց, պատահում է՝ նախատոնական օրերին: Մանկատան տնօրեն Ռուզաննա Ավագյանի խոսքով՝ դրա պատճառը մեծ մասամբ ծնողների սոցիալական ծանր վիճակն է:
«Եւ հեռավորությունը, եւ, նույնիսկ, սոցիալական վիճակը թույլ չեն տալիս, որ նրանք բոլորն այցելեն իրենց երեխաներին, նույնիսկ դեպքեր են լինում, որ զանգում, ասում ենք, որ երեխան վատ է, դարձյալ սահմանափակվում են հեռախոսային խոսակցություններով: Ամանորին եւս չեն այցելում: Լինում են ծնողներ, որ նախատոնական օրերին են գալիս տեսնում երեխաներին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուզաննա Ավագյանը:
Մանկատանը մասնագետները երեխաների հետ բժշկական հատուկ աշխատանքներ են կատարում, որոնց արդյունքում երեխաների մի մասն առողջանում է: Հազվադեպ, բայց պատահում է, որ ծնողներն ապաքինվելուց հետո ընտանիք են վերադարձնում երեխաներին: Մանկատան տնօրինությունն իր հերթին դրան խթանող աշխատանք է կատարում:
«Մենք նույնիսկ երեխաների ընտանիքներին առաջարկում ենք, որ հետո ինչ, որ երեխան ունի ոսկրային պաթալոգիաներ, արատներ, նա լիարժեք մարդ կարող է լինել հասարակության մեջ: Խնդրում ենք, որ ծնողներն ընդունեն երեխաներին, տանեն՝ իրենց ընտանիքում մեծանա»,- ասաց Ռուզաննա Ավագյանը՝ նշելով, որ վերջին երկու տարիներին մանկատունը բոստոնյան հիմնադրամի միջոցով տարվա մեջ երկու անգամ «Ծնողների օր» է կազմակերպում, երեխաներին այցելել ցանկացող ծնողներն ապահովվում են ճանապարհածախսով, սննդի գումարով եւ պատահում է, որ հենց այդ հանդիպումների ժամանակ ծնողներն իրենց հետ են տանում երեխային:











