Գյումրիում ընտանիքի  6 անդամների սպանության մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը  իր նախաքննական ցուցմուքնում ասել է, որ ինքը հայ-թուրքական սահմանը հատելու մտադրություն չի ունեցել: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողներին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը՝ նշելով, որ Պերմյակովը, իր խոսքով, մինչեւ սահման հասնելը թաքնվել է մի քանի տեղ:

«Նույնիսկ ինքը արգելափակված գոտի չի մտել, որովհետեւ այդ գոտոն մոտենալիս առանց նախազգուշացման կարող են վնասազերծել»,- ասաց Հունան Պողոսյանը:

Փոխոստիկանապետի խոսքով, Պերմյակովը ձերբակալվելիս եղել է քաղաքացիական հագուստով, նախնական տվյալով գործել է միայնակ:

NEWS.am-ը ավելի վաղ գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ` Բայանդուր գյուղի հատվածում:

ՀՀ Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու հարց չի քննարկվում: