Խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», հավաքել են անհրաժեշտ քանակով ստորագրություններ եւ այսօր՝ փետրվարի 2-ին, ժամը 18:30-ին, արտահերթ նիստ կհրավիրեն՝ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը քննարկելու համար: Այս մասին Ազգային ժողովի մոտ հավաքված հարյուրավոր առեւտրականներին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Օրենքի նախագիծը մշակված, բարեփոխված՝ կամավորության սկզբունքով եւ տարեկան շրջանառության շեմի բարձրացմամբ դրված է օրակարգում: Մեր դիրքորոշումը չի փոխվել, հետաձգումը հետաձգում, մենք կողմնակից ենք հարցի արագ լուծմանը: Արդեն երկրորդ անգամ են օրենքը հետաձգում, այսինքն կառավարությունը մեկ տարի է՝ չի կարողանում օրենքը կիրառման մեջ դնել: Իրենք էլ են հասկանում, որ լուրջ խնդիր կա»,- ասաց Միքայել Մելքումյանը:

ԲՀԿ-ական պատգամավորն առեւտրականներին կոչ արեց պայքարը չդադարեցնել՝ վստահեցնելով, որ իրենք ամեն կերպ կաջակցեն նրանց:

Առեւտրականները որոշեցին ժամանակավորապես դադարեցնել բողոքի ակցիան եւ ժամը 18։00-ին կրկին հավաքվել ԱԺ-ի մոտ։

Նշենք, որ Կառավարությունը հունվարի 31-ի իր արտահերթ նիստում որոշել է ևս 5 ամսով հետաձգել «Շրջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց պահանջի՝ ապրանքների փաստաթղթավորման կիրառումը։

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։ Տոնավաճառների աշխատողների բողոքներից հետո միայն հոկտեմբերի 6-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մինչեւ 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի»  մասին օրենքում առկա գույքագրման պահանջը: