Հարկային պարտավորությունները չկատարելու մեջ կասկածվող, Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին այսօր` փետրվարի 4-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը կալանավորելու մասին որոշում կայացրեց:
Ավելի քան 4 ժամ տեւած դատական նիստից հետո Հակոբյանի փաստաբան Կարեն Սարդարյանը նշեց, որ իրենք համաձայն չեն դատարանի որոշման հետ, պատրաստվում են այն բողոքարկել Վերաքննիչ դատարանում: Կարեն Սարդարյանը հայտնեց, որ Հակոբ Հակոբյանը մեղադրանքը չի ընդունում, իրեն մեղավոր չի ճանաչում:
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) ձերբակալվել է Ֆինանսների նախարարության քննչական վարչության կողմից քննվող քրեական գործի շրջանակներում 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:
Հակոբյանին մեղադրում են պետությանը խոշոր վնաս պատճառելով ապօրինի ձեռնարկատիրության եւ գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց խուսափելու մեջ։




Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











