«Հակահարված» արտ-խումբը փետրվարի 4-ի երեկոյան`ժամը 21:00-ի սահմաններում, «Շանթ» գրությամբ պաստառ է փակցրել Ազգային ժողովի ցանկապատին:

NEWS.am-ի հետ զրույցում խմբի անդամները նշեցին, որ դա իրենց հերթական ակցիան էր, որով պահանջում էին ազատ արձակել Շանթ Հարությունյանին։ Ակցիան նվիրված էր Շանթ Հարությունյանի ծննդյան 50-ամյակին, որը լրացել է փետրվարի 3-ին։ Նախորդ օրը Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ էր թողել Շանթ Հարությունյանին 6 տարվա ազատազրկման դատապարտելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը։

Խմբի անդամների խոսքով` ԱԺ անվտանգության աշխատակիցները հաշված րոպեներ անց պոկել են պաստառը:

Նշենք, որ «Հակահարված» խմբի անդամները որպես քաղաքական բողոքի ձեւ ընտրել են  սթրիթ-արտը: Մինչեւ օրս խումբը քաղաքական գրություններով պոստերներ է փակցրել ԱԺ-ի, ԱԱԾ-ի, ՀՀ Ոստիկանության շենքերի պատերին եւ մի շարք այլ վայրերում։ Շանթ Հարությունյանին մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտվել 6 տարվա ազատազրկման, նրա անչափահաս որդին՝ 15-ամյա Շահեն Հարությունյանը, նույն հոդվածով դատապարտվել 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։ Նրանց մեղադրում էին 2014թ. նոյեմբերի 5-ին Երեւանում անկարգություններ հրահրելու մեջ: