Արմավիրի մարզի Փարաքար գյուղում նախորդ օրը՝ փետրվարի 5-ի երեկոյան 51-ամյա Անահիտ Զաքեւոսյանի սպանությունից հարեւաններն այնքան վախեցած են, որ գիշերն արթուն են անցկացրել: NEWS.am-ի հետ զրույցում նրանք ասացին, որ սպանության դրդապատճառներն այնքան անհասկանալի են իրենց համար, որ չեն բացառում, որ Անահիտը պատահական զոհ է եղել, եւ նրա փոխարեն կարող էր լինել իրենցից յուրաքանչյուրը։

«Գիշերը չենք քնել: Վախից բոլորը փորփրել են իրենց նկուղները, տան ամեն անկյունը, որ մեկը կարող է լինել, մի բան կարող են գտնել»,- պատմեց հարեւանուհիներից Լալա Պետրոսյանը:

Հարեւանուհին պատմեց, որ իրենց փողոցում սովորաբար տան դուռը միայն գիշերը քնելիս են կողպում, ժամը 21-ին, երբ դեպքը տեղի է ունեցել, իրենց դռները սովորաբար բաց են լինում. «Դռները միայն գիշերը քնելիս ենք փակում, ո՞վ կպատկերացնի, որ նման բան կարող էր լինել: Այստեղ 30 տարի է՝ ապրում ենք, երբեք անգամ գողություն չի եղել, որ նման մտավախություն առաջանար մեզ մոտ»։

Կատարվածը հարեւանները ոչ մի կերպ բացատրել չեն կարողանում. նման համեստ ու բարի ընտանիքը դժվար թե որեւէ մեկի հետ այնպիսի խնդիրներ ունենար, որ նման դաժան հաշվեհարդարի հանգեցներ։

«Եթե չար մարդիկ լինեին, ամեն ինչ կմտածեինք: Բայց այնքան բարի ու համեստ մարդիկ էին, խանութ ունեին տան մոտ, բոլորին պարտքով ուտելիք էին տալիս: Շատ սիրով ընտանիք էին, անհավատալի բան է, անհասկանալի: Իրենք կյանքում մրջյուն չեն տրորել, ճանճ չեն սպանել»,- ասաց հարեւանուհին:

Տիկին Լալան պատմեց, որ կնոջը տանը սպանված գտել է ամուսինը, տեսնելով, որ նա ամբողջովին արյան մեջ է, հարեւաններին է ձայն տվել, որոնք էլ «Շտապօգնություն» են զանգահարել:

«Սկզբից չհասկացանք՝ ինչ է եղել, արյունի մեջ կորած էր։ Ահագին անցավ, մինչեւ «Շտապօգնության» գալը վերնաշապիկը բարձրացրինք, տեսանք՝ մարմնի վրա ամբողջությամբ  դանակի հետքեր են»,- ասաց տիկին Լալան։

Հարեւանուհու խոսքով՝ սպանվածի տնից ոչ մի արժեքավոր իր չի անհետացել, անգամ նրա մատանին մատին է եղել, գումարը՝ գրպանում։

Սպանված Անահիտը մեկ դուստր եւ երկու որդի ուներ, դուստրն ու որդիներից մեկն ամուսանացած են, մյւոս որդին ծնողների հետ է ապրում, սակայն դեպքի օրը տանը չի եղել։

Հիշեցնենք, որ դեպքը եղել էր փետրվարի 5-ի երեկոյան ժամը 21:00-ի սահմանում: Կինը տան հարեւանությամբ գտնվող՝ իրենց խանութից գնացել է տուն՝ ֆիլմ դիտելու, ինչից մեկ ժամ անց ամուսինը մտել է տուն եւ կնոջը սպանված գտել: Դիակի վրա սուր կտրող-ծակող գործիքից առաջացած վնասվածքներ են եղել: