Այն մարդիկ, որոնք մեկ, երկու, երեք անգամ ասելուց չեն հասկանում, մի քանի անգամ պիտի ասենք, մի հատ էլ բամփենք: Այս մասին փետրվարի 12-ին ՀՀԿ Խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով նիստի ժամանակ Սերժ Սարգսյանի հնրեցրած՝ ԲՀԿ առաջնորդի մասին քննադատությանը:

Վարչապետի խոսքով՝ ելույթն ուշացած չէր, ինչպես կարծում են շատերը:

«Ուժեղ եւ պատերազմ տեսած մարդը չի կարող լինել թուլամորթ, հակառակը նա կարող է լինել հանդուժող եւ ներողամիտ, բայց վայ այն մարդկանց, որոնք փորձում են շահագործել հանդուժողականությունն ու ներողամտությունը: Պարոն նախագահ, մենք իրոք անելիք ունենք»,- ասաց վարչապետը:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ժողովուրդն իշխանություններին վստահել է եւ նրանց տնտեսական եւ սոցիալական խծնդիրների, ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի անվտանգության համար իրենք պատասխանատու են, իսկ «ովքեր խոսում են, թե երեք օրում կգանք, երկիրը կկարգավորենք, տնտեսությունը կզարգացնենք, հեքիաթներ են»։

«Ես լիքը շատ անելիքներ ունեմ: Այն մարդիկ, որոնք մեկ, երկու, երեք անգամ ասելուց չեն հասկանում, մի քանի անգամ պիտի ասենք մի հատ էլ բամփենք: Եթե կարծում են՝ ուշացած է, այդպես չէ. հանդուրժել ենք հանուն մեր երկրի, ժողովրդի, մեր կայունություն համար»,- իր խոսքն ավարտեց վարչապետը:

Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստին հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ ԱԺ-ում գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։