Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը փետրվարի 12-ին տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստին հայտարարել է, որ քաղաքական իմաստով ոչ մի բան տեղի չի ունենալու. իրենք են տարիներ շարունակ «Դոդի Գագոյին» վերածել պարոն Ծառուկյանի և հիմա հակառակ պրոցեսն են իրականացնում:
«Եթե սպասում ենք, որ պետք է շանս տանք, կամ ներենք, աստվածաշնչյան մի առակ եմ ուզում հիշեցնել՝ «Անառակ որդու վերադարձը»: Ե՞րբ եկավ այդ դավաճանը հետ, երբ որ ոչինչ չուներ, ոչ թե ֆայմեց, ոչ թե մտափոխվեց, Աստված եկավ իր աչքին, չէ, ամբողջը կորցրեց, հետո եկավ ընկավ հոր ոտքերը: Քաղաքական իմաստով Ծառուկյանին նախագահը չի ծնել, բայց վերցրեց իր վրա պատասխանատվությունը՝ ներողություն հայցելով նաև իր գործընկերներից վերջին տարիների հանդուրժողականության համար: Ծառուկյանին ով որ ծնել է, բոլորս լավ գիտենք, իրենք էլ պետք է պատասխան տան ու ներողություն խնդրեն, թե ինչ չարիք են բերել մեր քաղաքական դաշտ»,-ասաց Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ Գագիկ Ծառուկյանը հրեշ է, որը երկար ժամանակ կոլբայի մեջ էր:
Արմեն Աշոտյանի խոսքով՝ այդ հրեշը կոլբայից դուրս է եկել Ծաղկաձորյան համաժողովի ժամանակ. «Բայց բախտներս բերել է, ես էլի եմ ասել, 7 ամսական է, լրիվ կենսունակ չէ, հետևաբար քանի ժամանակն է, իսկ ժամանակը հիմա է, այդ գործողությունները պետք է ամբողջությամբ իրականացվեն: Առանց խղճի խայթի, առանց ավելորդ զգացողությունների, որոնք իբր մեզ ավելի քաղաքակիրթ են սարքում»:
Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստին հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ ԱԺ-ում գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։











