Իրենց աշխատավարձային պարտքերը պահանջող՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները, որոնք այսօր՝ փետրվարի 20-ին, հավաքվել էին Կառավարության շենքի մոտ, այդպես էլ չստացան աշխատավարձերի մարման ժամանակացույցի վերաբերյալ կառավարության խոստացած պատասխանը եւ երթով շարժվեցին նախագահական նստավայր:
Նախագահական նստավայրի մոտ նաիրիտցիներից մի քանիսին ընդունեց նախագահական նստավայրի նամակների և ընդունելությունների բաժնի ղեկավար Աիդա Ասատրյանը:
«Մենք մեր պահանջները փոխանցեցինք, որոնք խոստացան փոխանցել ղեկավարությանը: Որոշեցինք կրկին բողոքի ակցիաներ անցկացնել նախագահական նստավայրի մոտ, քանի որ ցանկացած պատասխան, որ նույնիսկ ստանանք նախարարությունից, առանց նախագահի որոշման չի լինելու»,- NEWS.am-ին ասաց հանդիպմանը մասնակցած՝ գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:
Նաիրիտցիներն այսօրվա բողոքի ակցիան այդքանով ավարտեցին, հաջորդ բողոքի ակցիան կլինի երկուշաբթի:
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:











