«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը երկուս կնշանակեր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ մեկնաբանելով Փոստանջյանի հայտարարությունը՝ կապված Օսմանյան կայսրությունում ապրող ժողովուրդների ցեղասպանությունները ճանաչելու հետ:

Փոստանջյանն իր խոսքում նշել է, որ անհայտ պատճառներով խորհրդարանի քննարկմանը ներկայացված նախագծում Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված ժողովուրդների ցանկից հանվել է եզդիների անունը:

Ֆարմանյանի խոսքով՝ բավական է այդ օրինագիծն ուղարկել Ռիչարդ Հովհաննիսյանին՝ այդ թեմայով ամենահեղինակավոր գիտնականներից մեկին, որպեսզի նա երկուս նշանակի այդ տեքստի տակ, որը կազմվել է միջնակարգ դպրոցի մակարդակով:

«Այդ մասին պետք է խոսեն ոչ թե պատգամավորները, այլ մասնագետները: Տասնյակ մարդիկ ծերացել են այդ թեմայի վրա աշխատելով, իսկ դուք ուզում եք հարցը լուծել ոտքի վրա»,-հայտարարել է Ֆարմանյանը: