Հայաստանում հավատարմագրված դիվանագետների կանայք փետրվարի 24-ին այցելել են Երեւանում վերջերս բացված մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի թանգարան (ֆոտոռեպորտաժ

Միջոցառման նախաձեռնությամբ հանդես էր եկել «Բարի գալուստ Հայաստան» միությունը ՀՀ արտգործնախարար Տիգրան Նալբանդյանի կնոջ՝ Նատալյա Նալբանդյանի ղեկավարությամբ։ Ինչպես նշեց տիկին Նալբանդյանը, տեղեկանալով, որ 2015թ. հունվարին  Հայաստանում բացվել է Կոմիտասի  նոր թանգարանը,  նա որոշել է դիվանագիտական կորպուսի համար կազմակերպել այս այցը։ «Հիմնականում իրենց ամուսինների հետ Հայաստանում գտնվող  կանանց համար, քանի որ Կոմիտասը խորհրդանշական կերպար է թե՛ հայկական մշակույթի, թե՛ հայոց պատմության և թե՛ Հայոց ցեղասպանության պատմության մեջ»,- ընդգծել է Հայաստանի արտգործնախարարի կինը՝ հավելելով, որ այցելությունը նպատակ ունի ներկաներին ծանոթացնել հայկական երաժշտության հիմնադրի ստեղծագործական  գործունեությանը։

Նշենք, որ միջոցառմանը մասնակցում էին նաեւ Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկան, Հայաստանում ՉԺՀ դեսպանի խորհրդական Լո Շիսյունը։ Դիվանագետներն ու նրանց տիկնայք այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկներ դրել մեծանուն երաժշտի շիրիմին, եղել Կոմիտասի թանգարանում, որտեղ նրանց համար կազմակերպվել էր էքսկուրսիա ռուսերեն եւ անգլերեն լեզուներով։ Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի կինը չդիմացավ գայթակղությանը եւ լուսանկարվեց հայ երաժշտության հանճարի դաշնամուրի մոտ՝ իր հիացմունքն արտահայտելով Կոմիտասի երաժշտության հանդեպ։ Նշենք, որ դաշնամուրը Կոմիտասին էր նվիրել ռուս խոշոր նավթային մագնատ եւ բարերար Ալեքսանդր Մանթաշեւը։

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ համերգ, որտեղ հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները «Գեղարդ» երգչախմբի կատարմամբ։ Համերգից առաջ Նատալյա Նալբանդյանը ներկաներին Ցեղասպանության 100-ամյակը խորհրդանշող անմոռուկներ բաժանեց։