Փրկարարներն ազատել են 19 լամանտինների, ներառյալ՝ մեկ ձագուկի, որոնք մնացել էին Հարավային Ֆլորիդայի Սեթելայթ Բիչ քաղաքի կոյուղաջրերի հեռացման խողովակում: Ըստ News13-ի, փրկարարական գործողությունը մի քանի ժամ է տեւել:
Վերջին շրջանում մեծ քանակության լամանտիններ են լողում դեպի ափամերձ ավազաններ՝ փորձելով փախչել ԱՄՆ ատլանտյան ափերին հաստատված ցուրտ եղանակից:
Երկուշաբթի՝ փետրվարի 23-ին, կենդանիների խումբը լողացել է դեպի խողովակը, որը Սեթելայթ Բիչի կենտրոնից հասնում է մինչեւ օվկիանոս: Շուրջ 30 մետր երկարությամբ խողովակը վերջում նեղանում է, ինչն էլ արտակարգ իրավիճակի պատճառ է դարձել:
NEWSru.com-ի փոխանցմամբ, փրկարարները ստիպված են եղել կտրել խողովակը, իսկ լամանտիններին ուղարկել են մոտակա ավազան՝ ուժերը վերականգնելու: Հետագայում նման իրավիճակից խուսափելու համար քաղաքային իշխանությունները բոլոր խողովակների վրա ցանց են անցկացրել:











