Մարտի 1-ից ուժի մեջ մտած՝ տաքսիների լիցենզավորման նոր կարգը բողոքի ալիք է առաջացրել ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ մարզերի վարորդների շրջանում: Գյումրիից հետո փողոց են դուրս եկել լոռեցի վարորդները։ Լոռու մարզկենտրոն Վանաձորում այսօր՝ մարտի 2-ին, մի քանի տասնյակ տաքսու վարորդներ մարզպետարանի շենքի  դիմաց բողոքի ակցիայով պահանջեցին կասեցնել նոր օրենքը, որով իրենք ստիպված են լիցենզավորման համար վճարել 8000-ական դրամ եւ նոր հաշվիչներ տեղադրել ավտոմեքենաներում:

«Մեր պահանջն էն ա, որ էս սչոտչիկ-մսչոտչիկը հանեն: Եթե ուզում են սչոտչիկով քշենք, թող բերեն, բաժանեն, իրանք իրանց ձեռով տեղադրեն, մենք էլ քշենք, իրանց հարկը տանք: Էդ գիտե՞ս ոնց ա դուրս գալիս, ոնց որ ես գնամ փող առնեմ, տամ մեկի էրեխեն ուտի: Էդ ո՞ր մեկս կանենք, էդ ձև բան ոչ մեկը չի անի: Երևի մի տարի պետք ա աշխատենք, որ էդ հաշվիչը առնենք»,- NEWS.am-ին ասաց   տաքսու վարորդներից մեկը:

Ակցիայի մասնակիցները հանդիպեցին մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ, որին փոխանցեցին նախարարին տեսնելու իրենց պահանջը: Բողոքողները նշեցին, որ եթե ոչ մի փոփոխություն չլինի, իրենք կդիմեն բողոքի կտրուկ միջոցների:

Նշենք, որ տաքսիների լիցենզավորման նոր կարգի համաձայն՝ 2014թ. դեկտեմբերի 25-ից մասնավոր տաքսիների դեղին համարանիշերը կրկին փոխվել են սպիտակի, տաքսի ծառայություն մատուցող մասնավոր ավտոմեքենաների դիմապակիների վրա պետք է փակցված լինեն ինքնակպչուն տարբերանշաններ, լիցենզիա ստանալու համար ամսական առավելագույն վճար է սահմանվել 12 հազար դրամը (ամենաթանկը Երեւան քաղաքում է), որի մեջ ներառված են պետական հարկերը, եւ լիցենզիայի տուրքը: Նոր օրենքով պարտադիր է նաեւ մեքենաների մեջ հաշվիչ սարքեր ունենալը։