Հեթանոսությանն ու արիական ծագման մասին գաղափարներին հետեւող հայ հասարակության ներկայացուցիչները պատրաստվում են Վահագնի գալստյանը։

Համաձայն առասպելի՝ Վահագնը ծնվել է մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը։

Ըստ ավանդության՝ «Արորդիների ուխտ» շարժման հետեւորդները Տրընդեզից մարտի 21-ը ամեն կիրակի Գառնիի տաճարում ծեսեր են կատարում։

Դրանցից մեկին պատահաբար ներկա է գտնվել NEWS.am-ի թղթակիցը։ Տաճարում՝ զոհասեղանի մոտ, որտեղ դարեր առաջ զոհաբերություններ էին կատարում, արիական ուսմունքի հետեւորդներից  մեկը՝  կարմիր եւ ոսկեգույն նախշերով բաց գույնի թիկնոցովմ թուրը ձեռքին,  գովաբանում էր Վահագնի գալուստը։ Առյուծների գլուխ հիշեցնող թասի մեջ վառվում էր կրակը։ Կենդանի բնության խորհրդանիշ գինին լցվում էր գավաթները, իսկ հյուրերի համար այն մատուցվում էր մեկանգամյա օգտագործման բաժակներով։

Իսկ մարտի 21-ին ժամը 13։00-ին Գառնիի տաճարում կկայանա գլխավոր միջոցառումը՝  Վահագնի դիմավորումը։ Մասնակցել ցանկացողներին մարտի 21-ին ժամը 11։00-ին Դրամատիկական թատրոնի մոտ կսպասեն ավտոբուսները։ Իսկ «Արորդիների ուխտի» հետեւորդները օրը կսկսեն արեւածագը դիմավորելով։