Դարեր շարունակ մարդիկ երազել են հասկանալ ընտանի կենդանիներին եւ խոսել նրանց հետ: Սակայն, չնայած գիտության եւ տեխնիկայի զարգացմանը, առայժմ դրան հասնել չի հաջողվել:

Հեռախոսային հավելվածները, որոնք մարդու ձայնը վերածում են կատվի մռլտոցի, ավելի շատ ժամանցի համար են, ընդ որում, ամենեւին էլ դրական արդյունքի չեն հանգեցնում: Դրանում համոզվել է ամերիկյան Թենեսի նահանգից Փեննի Ադամսը:

Ըստ Daily Mail-ի, նախադասություններն անգլերենից «կատվի լեզվի թարգմանող» ծրագիրը կինը ներբեռնել է համացանցից: Նա մի քանի բառ է արտաբերել, այնուհետեւ սեղմել է հատուկ կոճակն ու հեռախոսից կատվի բարձր մլավոցներ են հնչել:

Փորձը հետաքրքրել է Ֆլեմ անունով կատվին: Lifenews-ի փոխանցմամբ, կենդանին անմիջապես մոտեցել է կնոջը եւ ուշադիր նայել նրա աչքերի մեջ: Իսկ երբ հեռախոսը սկսել է ավելի բարձր «մլավել», կատուն հանկարծակի ճանկել է կնոջը: