Հայաստանում ֆրանսիական «Քարֆուր» առեւտրային ցանցի հիպերմարկետ բացելուն ոչինչ չի խոչընդոտել, նորմալ է, որ հիպերմարկետի բացումը 2-3 տարի է տեւել: Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, «Երեւան մոլ»-ում հիպերմարկետի պաշտոնական բացմանը լրագրողներին ասաց «Քարֆուր»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան դը Նալը (ֆոտոռեպորտաժ):

«Ցանկացած երկրում երկու-երեք տարի տեւում է, որ «Քարֆուրը» բացվում է, դա սովորական է: Մենք շահագործման ենք հանձնել նոր տարածք, նոր սարքավորումներ, այդ ամենը ժամանակատար է»,- ասաց Քրիստիան դը Նալը: 

Տնօրենի խոսքով՝ հիպերմարկետում կգերակշռի հայկական արտադրանքը, ներմուծված ապրանքները կլինեն 5 տոկոսից ավելի քիչ: Քրիստիան դը Նալը վստահեցրեց, որ «Քարֆուր»-ում ապրանքների գները ցածր կլինեն:  Օրվա զեղչված ապրանքները հաճախորդները կգտնեն ամեն օր թարմացվող զամբյուղում:

Նշենք, որ հիպերմարկետի պաշտոնական բացմանն այսօր ներկա էին եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: